Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ և անհապաղ գործողությունների կոչ են անում. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները և համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ այն սպառնում է տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի վերածվել: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամից:
«Այժմ Արցախում ծավալվող իրադարձությունները մեզ հիշեցնում են Սրեբրենիցայի ողբերգությունը, որը տեղի ունեցավ 1995 թվականին: Հազարավոր մարդիկ զոհվեցին, երբ նմանատիպ սադրանքներին ժամանակին չարձագանքելը եւ միջազգային խաղաղապահների ընդհանուր անգործությունը հանգեցրեցին խաղաղ բնակչության զանգվածային սպանդի, որն էլ հետագայում հայտնի դարձավ իբրեւ Սրեբրենիցայի ցեղասպանություն: Սա չպետք է տեղի ունենա Արցախում, հատկապես երբ կան դա կանխելու հայտնի միջոցներ։ Ադրբեջանական ուժերի գործողությունները եվրոպական մայրցամաքում էթնիկ զտումների, ցեղասպանության փորձ են, եւ դրանց պետք է վերաբերվել հենց այդպես՝ առանց ներողամտության: Միջազգային հանրության կողմից արագ եւ միասնական արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի կառավարությունը միայն կհամոզվի, որ կարող է շարունակել գործել բացարձակ անպատժելիության պայմաններում եւ իրենց գործողությունների համար առանց որեւէ հետեւանքի»-ասված է հայտարարությունում:
Նրանք նշել են, որ Արցախում անհապաղ պետք է կազմակերպվի միջազգային մարդասիրական ավիափոխադրում` սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնելով տեղի բնակչությանը եւ տարհանելով նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում:
«Բոլոր անհրաժեշտ միջոցներով պետք է վերջ տալ Արցախի անօրինական շրջափակմանը: Պետք է վերականգնվի Արցախի կապը Հայաստանի եւ մնացած աշխարհի հետ: Հայերն այս հողում ապրել են հազարավոր տարիներ եւ չպետք է ենթարկվեն էթնիկ զտման։ Միեւնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը փակ է, մարդասիրական ավիափոխադրումները պետք է օգնեն տեղի բնակչությանը գոյատեւել: Ստեփանակերտում արդեն կա գործող օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։ Սա որեւէ լրացուցիչ ջանք չի պահանջի միջազգային հանրությունից, բացի օդային միջանցքի ու դրա անվտանգության ապահովումը: Սա արդեն հաջողությամբ իրականացվել է նախկինում: 1948 թ. ճգնաժամ սկսվեց Բեռլինում, որը բաժանվել եւ վերահսկվում էր Դաշնակցային ուժերի եւ Խորհրդային զորքերի կողմից: Քանի որ Ստալինը փորձում էր մեկուսացնել քաղաքը եւ սովի մատնել՝ զրկելով այն սննդից, ջրից եւ էլեկտրաէներգիայից, միակ կապն օդային միջանցքներն էինք, որոնք օգտագործվում էին ԱՄՆ զորքերի կողմից՝ բեռներ հասցնելու համար մեկուսացված հատվածներ»,-նշել են նրանք:
Նրանք ընդգծել են, որ Արցախը հնարավորություն է ողջ աշխարհի համար՝ կանխելու ժամանակակից ցեղասպանությունը, քանզի դա չանելու հետեւանքները չափազանց սարսափելի կլինեն նույնիսկ դիտարկելու համար:
«2022 թ. դեկտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները շատ պարզ բացահայտեցին Ալիեւի կառավարության իրական մտադրություններն արցախահայության նկատմամբ։ Փորձելով նրանց ուժով դուրս քշել իրենց հողից եւ ձախողելով, կամ ինչպես ինքն է ասել՝ «շան պես հետապնդելով Արցախի բնակչությանը»՝ նախագահ Ալիեւն այժմ ավելի քան պատրաստ է նրանց ենթարկել ցրտահարության եւ սովի: Չի կարելի դա թույլ տալ նրան, ոչ էլ կարելի է նրան տալ որեւէ իրավունք ղեկավարելու արցախահայությանը, քանի որ նա արդեն դրսեւորել է նրանց մասին մտահոգության բացահայտ բացակայություն: Հիտլերի օրինակը մի քանի նորագույնների հետ միասին պետք է սովորեցներ մեզ, որ բռնապետներին հնարավոր չէ հանդարտեցնել: Նրանք հասկանում են միայն հաշվետու լինելու լեզուն։ Որքան արագ լինի միջամտությունը, այնքան ավելի քիչ ուժ կպահանջվի նրանց ծրագրերը տապալելու համար: Ապարդյուն է բռնապետին աղերսելը կամ համբերատար սպասելը, որ նա կփոխի իր միտքը․ ընդհակառակը, դա կքաջալերի նրան երկարաձգելու նրանց տառապանքը, ում հետապնդում է: Նախագահ Ալիեւին պետք է կանգնեցնել, եւ աշխարհի պատասխանատվությունն է անել դա րոպե առաջ»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունն ստորագրել են 2020թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն Ֆարթուն Ադանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը, 2022թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Խաղաղության եւ ազատության Աֆղանստանի կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանին, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, 2011թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադիր, 2003 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադին, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի արտաքին գործերի եւ առողջապահության նախկին նախարար Բեռնարդ Քուշները և «Ավրորա» մրցանակի արժանացած ու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի այլ անդամներ: