Մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և Արցախի հիվանդանոցում մահացած քաղաքացուն:
«Շատ հիվանդներ դեռ ռիսկի տակ են: Արցախում հիմնական պաշարներն սպառվում են: Ես ԱՄՆ նախագահին կոչ եմ անում օգնել Արցախի անվտանգության ապահովմանը»,- գրել է նա՝ կից հրապարակելով դեռ դեկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը:
Հիշեցնենք, որ երեկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ ավելի վաղ նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Վաշինգտոնի կողմից՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: