Найти тему
Armenia Today

Բրիտանացի պատգամավորը Լոնդոնին կոչ է արել Արցախի շրջափակման վերաբերյալ հստակ դիրքորոշում որդեգրել

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջեսիկա Մորդենը նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին՝ կապված Արցախի ադրբեջանական շրջափակման հետ։

Այս մասին պատգամավորը հայտնել է Twitter-ում։ Նա ընդգծել է, որ «Մեծ Բրիտանիան և միջազգային հանրությունը չեն կարող անմասն մնալ. այդ շրջափակումն ու հարձակումները տարածաշրջանում հայ բնակչության վրա պետք է դադարեն»:

Նամակում Մորդենն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև կոչ է արել երկրի ԱԳ նախարարին և նրա պաշտոնյաներին «անհապաղ ներկայացնել ադրբեջանցի գործընկերներին ինչպես ներկայիս շրջափակման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնաճնշումների ավելի լայն արշավի դադարեցման մասին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում