Թուրքիայի և Ադրբեջանի փոխգործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը այլ պետությունների հետ։ Մենք պարբերաբար տարածաշրջանում գործընկերներին բերում ենք այն թեզը, որ նման փոխգործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Անդրկովկասում ուժերի ստեղծված հավասարակշռությունը», - ասել է նա։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա հավասարապես վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ պատմել էր մինչև 2025 թվականը ադրբեջանական բանակի մակարդակը Թուրքիայի ԶՈՒ մակարդակի բարձրացնելու նպատակի մասին։ Նա նշել է, որ մինչ այդ Ադրբեջանի զինված ուժերը պետք է համապատասխանեն թուրքական բանակի բոլոր պահանջներին և չափանիշներին: