ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչ եղանակ է սպասվում Ամանորին, ինչպես նաև հունվար ամսին:
Գագիկ Սուրենյանը նշել է, որ տոնական օրերն առանց ձյան են լինելու: Հունվարին, նրա խոսքով, տաք եղանակ է սպասվում է՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով:
«Հունվարի 1-ից արևադարձային տաք հոսանքների բուռն ներհոսք է սպասվում, ինչը ենթադրում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Դրան չեն արձագանքի Երևանը և Արարատյան դաշտը, որովհետև նշված հատվածներում կա սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը»,-ընդգծեց Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ բացի Երևանից ու Արարատյան դաշտից, մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ը մոտավորապես 5-6 աստիճանով կբարձրանա: Գագիկ Սուրենյանի խոսքով՝ նախալեռնային հատվածներում անգամ մինչև +10 աստիճան տաքություն կլինի: