Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է դատական համակարգին, իշխանությանն ուղղված քննադատություններին՝ կապված դատավորների աշխատավարձերի բարձրացման հետ: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին, նա նշել է.
«Վերջին շրջանում մենք դատաիրավական համակարգում ռազմավարական ծրագրերի իրականացման գործում եզրափակիչ փուլ ենք մտել: Կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի դատաիրավական, դատական համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման, կայացման, անկախ դատական համակարգ ունենալու մեր տեսլականի ծրագրավորման, պլանավորման փուլից արդեն անցնենք իրագործման փուլ:
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ հրատապ գոյաբանական օրակարգեր ունենք, բայց ո՞րն է այդ օրակարգերը սպասարկելու, այդ մարտահրավերները դիմակայելու ձևը, դա պետական ինստիտուտների կայացման գործից ոչ մի վայրկյան չշեղվելն է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործը պետք է հետևողական իրականացվի, որքան էլ այն դժվար ու ծանր լինի. «Այս քննադատությունն էլ կա, թե ինչո՞վ եք զբաղվում՝ դատավորների աշխատավա՞րձ եք բարձրացնում և այլն: Այո՛, հենց դատավորների աշխատավարձ ենք բարձրացնում, որովհետև մենք դատավորներինն էլ, զինվորականներինն էլ, ոստիկաններինն էլ, ուսուցիչներինն էլ, թոշակառուների թոշակներն էլ բարձրացնում ենք, որովհետև ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է»:
Ամփոփելով՝ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ասվածի հետ կապված երկու դիտարկում անել: Նախ դատական համակարգի հետ կապված. տեսեք, մենք ձևականություն չենք անում, որ ասում ենք՝ ուզում ենք անկախ դատական համակարգ: Հասկանո՞ւմ եք, իսկապես ձևականություն չենք անում, որովհետև եթե դա անելու կարիք ունենայինք՝ ուղղակի ոչ մի բան չէինք ասի, ոչ այդ թեմայով կխոսեինք, ոչ կանհանգստանայինք, ոչ կցնցվեինք, ոչ կգոռայինք, ոչ կշրջափակեինք, ոչ մի բան չէինք անի, ուղղակի կթողնեինք ամեն ինչ ինչպես կար՝ հեռախոսները կար, հեռախոսի համարները կար»:
Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Նրա ընդգծել է, որ Արփինե Սարգսյանը ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում:
«Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի»-հավելել է նա: