Найти тему
Armenia Today

Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ Դավիթ Բաբայանը նամակ է ուղարկել ԵԽ

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։

Այդ համատեքստում կոչ է արվում․

- կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը,

- Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները,

- կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով:

Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է  նաև ՀՀ ԱԽ նիստ։

Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում