Найти тему
Armenia Today

Սկսվել է 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը. Գոռ Աբրահամյան

Արդեն սկսվել է հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը: Այս մասին իր facebook-յան էջում հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։

Նկատի ունենալով բազմաթիվ բանավոր հարցումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։

Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ»-գրել է ՔԿ խոսնակը:

Հիշեցնենք, որ Armenia Today-ին ԿԽՄԿ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ ԿԽՄԿ միջնորդությամբ 13 հայ զինծառայողների մարմիններ են հանձնվել Հայաստանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում