Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը ևս։
«Հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները կրկին հերքել էին ադրբեջանական կողմի տեղեկությունները։