Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 23-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հաշվի առնելով 2022-2023 թվականներին ՀԱՊԿ-ում նախագահության անցումը Բելառուսին, Լուկաշենկոն կհայտարարի առաջնահերթ ոլորտները, որոնց վրա պետք է կենտրոնացվեն համատեղ ջանքերն այս ընթացքում։
ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները։
Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև համագործակցության տարբեր ուղղություններին և ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Միջոցառումն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմով, նշել են նրանք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 23-ին Երևանի «Դվին» համալիրում տեղի կունենա ԱԳՆ խորհուրդների, պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համատեղ նիստ։
ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի պաշտոնական, բաց մասը կսկսվի ժամը 11:30-ին և կհեռարձակվի։