«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2017-2022 թվականների ընթացքում չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ պետությանը պատճառելով շուրջ 130 մլն դրամի վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին: Ըստ դատախազության, հաստատվել է ընդհանուր 60.3 հաստիքային միավոր և 123 մլն 312 հազար 800 դրամ ավելի աշխատավարձի ֆոնդ:
Բացի այդ, Կազմակերպությունը Ա/Ձ–ի հետ կնքել է ախտահանման ծառայություններ կատարելու պայմանագիր՝ վճարելով 6 մլն դրամ այն դեպքում, երբ ախտահանման աշխատանքների պարբերականությունը հիմնականում չի համապատասխանել պայմանագրի ժամանակացույցին, մանկատունն ունեցել է ախտահանողի հաստիք, համապատասխան նյութեր, իսկ «Արաբկիր» ԲԿ-ից ստացել է ախտահանման սարք:
Պարզվել է նաև, որ մանկատանը հաշվառված ավտոմեքենայի վարորդը վեց ամիս եղել է հարկադիր պարապուրդում, սակայն նրա անվամբ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել, և յուրացվել է 411.700 դրամ արժողության 1420 լիտր բենզին:
Կատարված ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու դեպքերի մասին: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի նոյեմբերի 21-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով: