«Խոսենք գլխավորի» մասին ծրագրի հյուրն այս անգամ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, քաղաքական գործիչ Գարո Փայլանն է։
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նա խոսել է այն մասին, թե ինչքանով են ներկայիս Թուրքիան ու նրա քաղաքական ու հասարակական ուժերը պատրաստ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ինչքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ Բաքվի ներկա ագրեսիվ գործողությունների պայմաններում, որն է պատճառը, որ քաղաքական գործիչների հետ իր հանդիպումների շարքում չի եղել Ռոբերտ Քոչարյանը, չնայած նա հանդիպել է մյուս նախկին նախագահներին, մտադիր է արդյոք նա շարունակել բարձրացնել Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին խնդիրը և այլ արդիական թեմաներ։
–Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ են ներկայիս Թուրքիան ու նրա քաղաքական ու հասարակական ուժերը պատրաստ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։
–Թուրքիան ունի նախապաշարումներ Հայաստանի նկատմամբ, իր հերթին Հայաստանի ժողովուրդը ունի նախապաշարումներ Թուրքիայի նկատմամբ։ Սա ամենամեծ խնդիրն է, որովհետև 107 տարի ի վեր Թուրքիայի և Հայաստանի ժողովրդների համար կորսվել է արդարությունը։ Հիմա ստեղծվել է հարմար առիթ։ Թուրքիան ցանկանում է սահմանները բացել և հաստատել հարաբերությունները։ Ինչու՞։ Երկու տարի առաջ Թուրքիան Ադրբեջանի կողմն էր և, դժբախտաբար, պատասխանատվություն ստանձնեց նաև 44–օրյա պատերազմի համար։ Կարծես թե այս պատերազմով արդյունքով Թուրքիայի դիրքերը պետք է ուժեղանային Կովկասում, բայց այդպես չեղավ։ Անշուշտ Հայաստանի և Ադրբեջանի հետ Թուրքիան ևս շատ բաներ կորցրեց։ Միայն Ռուսաստանը կարողացավ շահել։ Թուրքիան տեսավ և հաշվի առավ այս ամենը։ Ի վերջո, մենք ևս Թուրքիայի խորհրդարանի մեջ քննարկումներ ունեցանք։ Պատերազմով բան չկարողացանք շահել, բայց խաղաղությունով շատ բաներ կարող ենք շահել։ Բոլոր ժողովուրդները կարող են շահել` և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, և՛ թուրքերը։ Թուրքիան մեծ պետություն է և նա պետք է այս երկու երկրներին համոզի, որ իրենք գնան խաղաղությանը։ Միասնաբար մենք կարող ենք շատ բան շահել։ Պատերազմից հետո սկսվեց հայ–թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը։ Կարելի է ասել, դա էլ հեշտ բան չէ։ Պատերազմն սկսելը, ատելության խոսքեր հնչեցնելը, թշնամական քաղաքականություն վարելը հեշտ բան է, բայց շատ դժվար է խաղաղության հասնել։ 107 տարվա ընթացքում գոյացած խնդիրները հնարավոր չէ մեկ տարվա մեջ լուծել, բայց սա է միակ ճանապարհն է։ Անշուշտ ունենք նախապաշարումներ և դա ավարտելը այդքան էլ դյուրին չէ։ Դրա համար էլ ես եկա Հայաստան։ Սա «առիթի պատուհանն» է։ Այս «առիթի պատուհանները» մենք երկու անգամ ունեցանք։ Առաջինը 90–ականներին էր` պատերազմից հետո։ Այն ժամանակ մենք ավելի ուժեղ էինք, եթե մենք նստեինք խաղաղության սեղանի շուրջ, ավելի շատ բաներ կարող էինք հասնել Արցախի անվտանգությունը ապահովելու համար, բայց, դժբախտաբար, այն ժամանակ հայերով Լևոն Տեր–Պետրոսյանին «դավաճան» որակեցինք և չկարողացանք ստորագրել այդ պայմանագիրը։ 2008 թվականին էլ այդպիսի առիթ կար, պ–ն Սարգսյանը ցանկացավ այդ խաղաղությունը, բայց դժբախտաբար, նրա նկատմամբ էլ նույն բառերով որակումներ տրվեցին։ Հիմա ես նույն սխալն եմ տեսնում։ Պետք է ռեալիստ լինել, եթե այդպիսի չլինենք, այլ լինենք մաքսիմալիստ, ամեն բան կարող ենք կորցնել։ Շատ բաներ կարող ենք ուզել, բայց պետք է ռեալիստ լինել։ Չլինել ռեալիստ` ամենամեծ տկարությունն է։ Հիմա Ալիևն էլ ռեալիստ չէ, նա մեր արած սխալն է անում, մաքսիմալիստ է, ամեն ինչ ուզում է` միջանցքը, ամբողջ Արցախը՝ չհարգելով մնացածներին։ Սա էլ է տկարություն։ Ինքնավստահությունը լավ բան է, 2018 թվականին մեր ինքնավստահությունը շատ էր, բայց մենք չէին տեսնում առկա վտանգները։ 5 տարի առաջ ես եկա այստեղ և զգուշացրեցի, որ մեծ վտանգը կա, որովհետև Թուրքիան սկսել է անօդաչու զենքեր վաճառել Ալիևին։ Նա գնում էր անօդաչու զենքեր նաև Իսրայելից։ Բայց մենք չտեսանք դա։ Եթե տեսնեինք, այս վիճակի մեջ չէինք լինի։ Հիմա կզգում ենք, որ տկար ենք։ – Ոչ։ Եթե մենք մեր արածներից դասեր քաղենք, ավելի ուժեղ կլինենք։ Պետք է մտորենք այս հարցի շուրջ` թե ինչպե՞ս կարող ենք ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք