Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։ Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մենք միշտ առաջարկել ենք և առաջարկում ենք ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը՝ կողմերի ինքնիշխանության ու օրենսդրության հարգանքի հիման վրա՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ փոխշահավետ լուծումներ գտնելու միջոցով»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ։
«Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմատիկայի» անընդհատ շահարկումը, այն իմաստով, որով այն շահարկվում է, միայն խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը»,- շեշտել է Գրիգորյանը։
Նա նաև ընդգծել է, որ այս հայտարարության իններորդ կետում «միջանցք» բառը ոչ մի տեղ չի հիշատակվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանը չի ստանձնել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհ կառուցելու պարտավորություն. փոխվարչապետ
28 октября 202228 окт 2022
7
1 мин