Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները:
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել Անիի կամուրջը: «Այսօր ես և Արարատ Միրզոյանն այցելել ենք Անկարա և հանդիպել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Այնտեղ ֆիքսվեց, որ համատեղ ջանքերով կվերականգնվի Անիի կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը Թուրքիայում»,- ասել է Ռուբինյանը:
Անդրադառնալով Մարգարայի կամրջի հարցին՝ Ռուբինյանն ընդգծել է, որ արդեն փորձով ապացուցվել է, որ այդ կամուրջը նորմալ վիճակում է՝ շեշտելով, որ Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ գործընթացն արագացնելու վերաբերյալ:
Գործակալության հարցին՝ նախանշված ե՞ն, թե առաջիկայում ինչ հանդիպումներ են լինելու, Ռուբինյանը պատասխանել է. «Ոչ, այս պահին ոչ»:
Իսկ հարցին՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջիկա հանդիպումների հետ կապված փոխայցելություններ կլինե՞ն, թե՞ ոչ, Ռուբինյանն ասել է, որ այս պահին նման պայմանավորվածություններ չկան:
Թուրքիայի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանն այսօր Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի քննարկել են Անիի կամրջի համատեղ ջանքերով վերանորոգելու հարցերը։