Найти тему
Հայաստանն այսօր

Ֆրանսիացի պատգամավորն այցելել է Հայաստանն Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains-LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Սյունիք՝ Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից՝ տեղեկացնելով, որ նրան ուղեկցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Ֆրանսիացի պատգամավորին այցելել է նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին:

Նշվում է, որ Բելամինն առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով: Նա Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրել է թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։

Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։

«Սա հստակ ազդակ է, որովհետեև նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք․ սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»,-ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում