Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքները խիստ բացասաբար կանդրադառնան այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի վրա, Armenia Today-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
«Երկրաշարժը Թուրքիայի պատմության մեջ ամենածանր երկրաշարժերից մեկն էր։ Ըստ Էրդողանի՝ 1930-ականների Էրզնջանի երկրաշարժից հետո սա ամենածանր երկարաշարժն էր, որն, ըստ թուրքական մամուլի, հավասազոր է եղել 500 ատոմային ռումբի պայթյունի։ Երկրաշարժը շատ ծանր է նստել Թուրքիայի վրա, դրանից վերականգման համար տարիներ են պետք»,-նշեց փորձագետը։ Երկրաշարժն, ըստ թուրքագետի, բացասաբար կազդի Էրդողանի` առանց այդ էլ գահավիժող վարկանիշի վրա։ «Պատահական չէ, որ շատ ԱԶԿ-ականներ (թուրքական իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն – խմբ.) պնդում են, որ ընտրությունները պետք է հետաձգվեն, իսկ ընդդիմությունը դեմ է դրան»,-հավելեց նա։ Ինչ վերաբերում է երկրաշարժի՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա ունեցած ազդեցությանը, ապա, ըստ Խուդավերդյանի, այդ երկրի արտաքին քաղաքական կուրսը կարող է փոխվել, եթե, օրինակ, Էրդողանը հեռանա իշխանությունից։ «Եթե քեմալականները գան իշխանության, երկիրը կդառնա ավելի արևմտամետ, ավելի հավատարիմ Հյուսիսատլանտյան դաշինքին»,-նշեց փորձագետը։ «Պանթյուրքիստական տրամադրությունները Թուրքիայում բավականին ուժեղ են։ Էրդողանը, ինչպես հայտնի է, պանթուրքիզմի գաղափարախոսության կրողն է, և պատահական չէ, որ թուրքական ազգայնական ուժերի ներկայացուցիչները խոսում են մայիսի 14 – ին կայանալիք ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին, մինչդեռ ընդդիմությունը դեմ է դրան», – ասաց փորձագետը։
Նա հիշեցրեց նաև, որ Խորհրդային Միության փլուզումից հետո բարենպաստ հող է ստեղծվել պանթուրքիստական գաղափարների իրականացման համար, սակայն թյուրքալեզու երկրները չեն ցանկացել զիջել իրենց ինքնիշխանությունը հանուն Մեծ Թուրանի, բացի այդ, Թուրքիան այն ժամանակ բավարար ռեսուրսներ չուներ այդ ծրագրերն իրականացնելու համար: Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին 7,8 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, որոնք ուղեկցվել են հզոր հետցնցումներով: Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 38 հազարը։ Ինչպես գրել է թուրքական Habertürk պարբերականը՝ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են մինչև մեկ տարի ժամկետով հետաձգվել։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք