Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը․ Միրզոյանը՝ Խովաևին

Ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Խովաևի հետ քննարկել էր շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված ճգնաժամը։ Միևնույն ժամանակ, ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը Խովաևի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում