Найти тему
Հայաստանն այսօր

Ո՞ր զինծառայողները կհամարվեն ատեստավորված. ի՞նչ քննություն է սպասվում. Պապիկյանի պարզաբանումը

Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների որակավորման համար հավելավճար հաշվարկելու նպատակով սահմանված ատեստավորման համակարգը կյանքի կկոչվի: Համապատասխան որոշումն ընդունվեց փետրվարի 9-ի կառավարության նիստում:

Ինչպես հարցի ներկայացման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ատեստավորումը տեղի կունենա ՊՆ-ի ստեղծած 5 կենտրոններում և 10 հաձնաժողովների միջոցով, որտեղ զինծառայողը կանցնի երկու փուլից բաղկացած քննություն: Այն ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատում և ֆիզիկական, շարային և կրակային պատրաստվածության աստիճանի գործնական գնահատում:

«Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված է համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, շարային և կրակային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները»,- ասաց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ զինծառայողները 210 000 դրամից իրենց աշխատավարձը 420 000 դրամի հասցնելու հնարավորոթւթյուն կստանան:

Նախարարը նշեց, որ չզեկուցվող երկու հարցերով արդեն ընդունվել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը և այն ֆինանասավորելու մասին նախագիծը:

Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալիս կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք:

Ֆինանսական մասի ապահովման վերաբերյալ նախագծի ընդունումն առաջիկա երեք տարիների պետական բյուջեներում առաջացնում է ընդհանուր 81,5 մլրդ դրամ չափով լրացուցիչ միջոցների կարիք: Այսպիսով՝ 2023թ. ընթացքում զինծառայողների 1/3-ի ատեստավորման դեպքում ընթացիկ տարվա բյուջեում կառաջանա լրացուցիչ 27,170 մլրդ դրամի անհրաժեշտություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորություն տվող նախագծի մասին:

«Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ կարող են անցնել ավելի երկարաժամկետ պայմանագրային զինծառայության»,- ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել և ամեն ինչ արվելու է, որ ձմեռային զորակոչին հասցնեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում