Найти тему
Հայաստանն այսօր

Արցախն այլևս ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամի մեջ է. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքի փակումը բացի հումանիտարից հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որը բերում է անտառային հատումների: Դա բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԼՂ-ում գիշերը ձյուն է տեղացել և գիշերն օդի ջերմաստիճանը նվազում է մինչեւ -5 աստիճան:

«Ադրբեջանի այս գործողությունները նպատակ ունեն կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը, ինչը հավատում ենք, որ անկոտրում է: Այդուհանդերձ, մենք ավելի պետք է մեծացնենք մեր ջանքերը ԼՂ-ում ծայր առաջ հումանիտար, հիմա արդեն  նաև բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որը Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողությունների արդյունք է»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ-ում հաստատված հումանիտար ու բնապահպանական ճգնաժամը ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դարձնել, որովհետև միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը:

Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ Ադրբեջանը կրկին փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը, մինչդեռ  այն վերականգնվել էր մեկ օր առաջ:

«Մինչ այդ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել դրանից 4 օր առաջ: Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, ընդ որում՝ այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարումների դադարեցնումների և վերականգնումների  արանքում էլ տեղի են ունենում այլազան  իրադարձություններ:

Գազամատակարարման դադարեցումն իրականացվում է ոչ թե ամբողջությամբ, այլ  50 տոկոսով, հետո մատակարարումը դառնում է 70 տոկոս, հետո  իջնում 10 տոկոսի, հաջորդ պահին դառնում 30 տոկոս, հետո վերականգնվում ամբողջությամբ, ապա նորից իջնում 40 տոկոս և այսպես շարունակ:

«Ընդ որում  սա արդեն ոչ թե «բնապահպաններն են», այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետեւ եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են եւ տեսանելի, գազախողովակում դրանք չեն նկատվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում