Найти тему
Հայաստանն այսօր

Արվել է մի բան, որն անգամ օրենքի խախտումով հնարավոր չի անել. Եղոյանը՝ Օհանյանի գործի մասին

Արվել է մի բան, որն անգամ օրենքի խախտումով հնարավոր չի անել: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրին:

«Օրենքով նման հողամասը արգելված է վաճառվել: Ինչպե՞ս է գործարքն իրականացվել»-գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հարցրեց Արման Եղոյանը՝ հաշվի առնելով, որ, ըստ մեղադրանքի, Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ հատուկ նշանակության հողամաս է վաճառվել:

Ի պատասխան՝ Վարդապետյանը նշեց. «Գործով մեղադրյալը՝ Վեդու կադաստրի ղեկավարը, իր ցուցմունքում նշել է, որ իսկզբանե ասել է, որ հողամասը չի կարելի օտարել: Չնայած դրան, ըստ ցուցմունքի, վերադաս ղեկավարությունն իրեն ասել է՝ պիտի նշագրումըն անես»:

Եղոյանը հավելեց. «Հիմա շատ են հնչում հայտարարություններ, թե պետական ինստիտուտները քանդեցին, բայց, փաստորեն, ինստիտուտները նախկինում այնպես են գործել, երբ արվել է մի բան, որը ըստ օրենքի որևէ կերպ անել հնարավոր չի եղել»:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմքերը:

Ըստ դատախազի միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարար եղած ժամանակ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՊՆ հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք:

Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում