Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Իր Telegram ալիքում արված գրառման մեջ նա նշել է, որ ավերիչ երկրաշարժը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել Սիրիայում և Թուրքիայում, այդ թվում՝ տեղի հայերի շրջանում։
«Իմ ցավակցությունն եմ հայտնում այս սարսափելի աղետի անմեղ զոհերի հարազատներին ու մերձավորներին։ Ուժ ու տոկունություն եմ մաղթում այս դժվարին փորձությունը հաղթահարելու համար։ Մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների կարող է հանգեցնել ավերիչ երկրաշարժը։ Մեր ժողովուրդը քաջատեղյակ է այդ ցավին», - գրել է Վարդանյանը։
«Ես սգում եմ մեր հայրենակիցների կորստի համար։ Յուրաքանչյուր հայի կյանքը նույնքան կարևոր է, որքան յուրաքանչյուր մարդու կյանքը։ Մեզ համար կարևոր են և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում կամ աշխարհի ցանկացած այլ երկրում», - գրել է պետնախարարը։