2023 թվականին Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարումը կկազմի 10 մլրդ խմ՝ 2022 թվականի 8,4 մլրդ խմ-ի դիմաց, փետրվարի 3-ին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես Turan-ին պարզաբանել է իրազեկ աղբյուրը, նախատեսված ծավալից 3,5-4 մլրդ խմ-ն կտեղափոխվի Բաքու-Թբիլիսի - Էրզրում գազատարով, իսկ 6,0-6,5 մլրդ խմ-ն ՝ TANAP-ով։
Փաստորեն, Ադրբեջանը 2023 թվականին կփակի Թուրքիայի գազի պահանջարկի 20 տոկոսը։
Թուրքիան շարունակում է խողովակաշարային գազ գնել ՌԴ-ից, Իրանից և հեղուկացված բնական գազ տարբեր աղբյուրներից (ԱՄՆ, Ալժիր, Քաթար և այլն)։
Ընթացիկ տարվա գարնանը Թուրքիան նախատեսում է սկսել գազի արդյունահանումը (առաջին անգամ) Սեւծովյան Սաքարիա հանքավայրում, ինչը թույլ կտա նրան նվազեցնել ներմուծումը, որի համար տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներ էին ծախսվում:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովը, «իմանալով մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունները, ապագայում մեր համագործակցությունը (մատակարարումների ոլորտում) կաճի»։