Եվրամիությունը նախազգուշացրել է Վրաստանի իշխանություններին այն մասին, որ երկիրը կարող է պատժամիջոցների տակ ընկնել, եթե վերսկսի ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ և մասնակցի Մոսկվայի նկատմամբ ԵՄ սահմանած ավիացիոն պատժամիջոցների շրջանցմանը: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտնել է վրացական Netgazeti պարբերականին։
«Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության և այլ երկրների կողմից հաստատված պատժամիջոցներին և զգուշություն ցուցաբերել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերի նկատմամբ։ Եվրամիության պատժամիջոցային ռեժիմը ենթադրում է պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր մասնակցում են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները շրջանցելու գործընթացին կամ աջակցում են դրան», - ասել է Ստանոն՝ պատասխանելով Թբիլիսիի և Մոսկվայի միջև ուղիղ ավիաչվերթների հնարավոր վերսկսման վերաբերյալ ԵՄ-ի վերաբերմունքի մասին հրատարակության հարցին:
Ստանոն նաև հավելել է, որ Վրաստանը չպետք է թույլ տա «վտանգավոր ռուսական ինքնաթիռներ մտնել իր տարածք», քանի որ, նրա խոսքով, ռուսական ինքնաթիռների 95%-ը պատժամիջոցների պատճառով չի կարող պահպանել անվտանգության անհրաժեշտ չափանիշները: