Найти тему
Հայաստանն այսօր

Երկրաշարժից տուժած երկրներին օգնելու նպատակով կառավարությունը շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 157 միլիոն 816 հազար դրամ (399 000 ԱՄՆ դոլար)՝ երկրաշարժից տուժած երկրներին օգնելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 16-ի նիստում։

Նշվում է, որ գումարը ծախսվելու է սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։

Նախագծում ասված է, որ գումարը տրամադրվել է «երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու փաստով պայմանավորված՝ տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հանգամանքով»։

Նշենք, որ Հայաստանը Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մարդասիրական օգնության մի քանի խմբաքանակ է ուղարկել այդ երկրներ, ինչպես նաև փրկարարական ջոկատներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում