Найти тему
Artsakhnow.am

Նախարարությունը դեմ է «էլիտար» դպրոցներին

Օգոստոսի 12-ին ԱՀ ԿԳՄ նախարարության խոսնակը, ի պատասխան Մերի Գրիգորյան ֆեյսբուքյան օգտատիրոջ մինչ այդ արված գրառմանը, որում նա  բողոքում է դպրոցների ընդունելության էլեկտրոնային համակարգից, նշելով, որ այդպիսով ծնողը զրկվում է դպրոց/ուսուցիչ ընտրելու հնարավորությունից, նախարարության ֆեյսբուքյան էջում կատարել է պատասխան գրառում։ Գրառման մեջ նշվում է, որ  «առաջին դասարանցիների առցանց ծրագիրը ներդնելու գլխավոր նպատակներից մեկը մայրաքաղաքի 2 գերծանրաբեռնված հանրակրթական դպրոցների/թիվ 1 և թիվ 7/ բեռնաթափումը և սանիտարահիգիենիկ պայմանների բավարարումն է»: Այնուհետև՝ «բացի այդ,վերը նշված երկու դպրոցներում ընդունելությունը շատ հաճախ կատարվել է ամենատարբեր ոչ շիտակ ճանապարհներով, ինչի մասին հանրության շրջանում անընդհատ խոսվել ու խոսվում է ,և ինչի արդյունքում այդ դպրոցները ձեռք են բերել «էլիտար»-ի համբավ: Ծրագրի ներդմամբ՝ նախարարությունը կարողանում է հնարավորին վերահսկել կոռուպցիոն ռիսկերը վերոնոշյալ դպրոցներ ընդունվելու գործընթացում»:

Ստեփանակերտի առաջին դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, նշելով, որ արդեն մամլո խոսնակի գրառման տակ մեկնաբանություն թողել են։ «Նախարարությու՞նն է գրել, տվյալներ ունի՞, գնացեք նախարարությունից էլ պարզեք, ես ձեզ բան չունեմ պատասխանելու: Մենք մեկնաբանությունը գրել ենք գրածի տակ, եթե այդ պատասխանը ձեզ չի բավարարել․․․ Գրողը եղել է նախարարությունը, գնացեք մամլո խոսնակից հարցրեք: Թող ինքը մեկնաբանություններ անի»: Լենա Ավանեսյանը մի տարի է, ինչ աշխատում է այդ պաշտոնում։ Մինչ այդ նա եղել է նույն դպրոցի փոխտնօրենը։

2015-2019 թվականներին դպրոցի տնօրենը եղել է Ժաննա Բալայանը։ Մենք նրանից նույնպես մեկնաբանություն խնդրեցինք, սակայն նա ևս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ «Ճիշտն ասած հիմա ես չեմ աշխատում: Ես չեմ ուզում մեկնաբանել այդպիսի հայտարարությունները։ Ես չեմ պատկերացնում, ինչ ճանապարհներով կարելի է երեխային ընդունել դպրոց: Դպրոցը մենք չեն կառուցել: Ասելու բան չունեմ: Թող իրենք որոշեն: Իրենք ոնց են աշխատել: Կարելի՞ է արդյոք մեկը մյուսի աշխատանքը պախարակել, ես կարծում եմ, որ չէ»,-ասել է Ժաննա Բալայանը: Հարցին, թե ստացվում է նախարարությունը չճշտված ինֆորմա՞ցիա է տարածում, նա պատասխանեց, որ այո, իր կարծիքով այո:

ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը
ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանն իր տված մեկնաբանության մեջ նշել է, որ Սարինե Հայրիյանը ներկայացնում է Արցախի ԿԳՄ նախարարության պաշտոնական տեսակետը։ «Ինքը մեր խոսափողն է, մեր գաղափարախոսը, նախարարի և նախարարության գաղափարախոսը։ Սարինե Հայրիյանը սկզբունքային, ճիշտ խոսք ունի և ամեն ինչ ճիշտ է արված։ Դա հանրության կարծիքն է»։

Նախարարի խոսքերով առաջին և յոթերորդ դպրոցներում դասակարգելով են երեխաներին խմբավորել։ «Այս նոր ծրագիրը դա արգելում է, այդ խնդիրը մենք լուծում ենք։ Հիմա մենք տվել ենք ակադեմիական ազատություն՝ նախապատրաստական խմբերը ձևավորելու համար։ Մենք չենք խառնվում։ Բայց եթե մենք փորձենք ստուգել նախապատրաստական Ա, Բ խմբերը, դուք իմ ասածի մեջ կհամոզվեք։ Այսինքն, այնտեղ հավաքվել են մարդիկ, որոնք զանգերով են մտել։ Իսկ էլեկտրոնային ծրագիրը եկող տարի քանդելու է այդ խմբերը։ Մենք ծրագիրը պատրաստել ենք այնպես, որ ուսուցչին անգամ համակարգիչն է ընտրում։ Ծրագիրն է ընտրելու ուսուցչին։ Մենք պետք է համակարգը դարձնենք թափանցիկ։ Կրթության նախարարությունը տանելու է այնպիսի քաղաքականություն, որ միայն արժեքներ երևան։ Եթե որևէ մեկը փորձի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը դեմ գնալ, պատժվելու է և համակարգից դուրս գա։ Համակարգի սիրտը պետք է առողջ տրոփի։ Մենք տանելու ենք շիտակ, թափանցիկ մեթոդաբանությամբ վարվող քաղաքականություն։ Ում դա ձեռք չի տալիս, ում դա դուր չի գալիս,ինքը նշանակում է անհամատեղելի է վարվող քաղաքականության հետ։ Դա է մեր ասելիքը։ Չի կարելի երեխաներին տեսակավորել, խմբավորել,կաստայավորել, մենք ֆեոդալական հասարակարգում չենք ապրում»։ «Ստեփանակերտ քաղաքի բոլոր դպրոցները հավասար մակարդակ ունեն։ Կարող է մի տեղ մի ուսուցիչն է ուժեղ, մյուս տեղում մեկ այլ ուսուցիչը»։

7-րդ դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը, հարցին, թե արդյո՞ք  իրենց դպրոցը նա համարում է էլիտար, պատասխանեց՝ «ես ոչ չակերտավոր էլիտար եմ համարում։ Այստեղ շերտավորում չկա։ Մեր դպրոցում շերտավորում չկա։ Մենք ընդունում ենք բոլոր խավերի երեխաներին։ Մեզ համար երեխաները հավասար են։ Աստծո պարգևն է երեխան…Ես ատում եմ շերտավորումը, ի՞նչ շերտավորման մասին է խոսքը։ Բոլոր երեխաներն ինձ համար հավասար են։ Սոցիալական անապահով երեխաներին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում։  Քաղաքի բոլոր դպրոցներն իրենց բարձրության վրա են։ Ես ասել եմ, քաղաքի բոլոր դպրոցներն ունեն բարձր դրվածք։ Հանգիստ տարեք ձեր թաղամասի դպրոցները։ Թող մեկը գա ասի, այդպիսի բան չես ասել»։ Վերջում նա նշեց, որ համոզված է, նախարարը չէր կարող նման կարծիք ունենալ 7-րդ դպրոցի մասին։

Առաջին դպրոցի նախկին մի քանի աշակերտներ (խնդրել են չհրապարակել իրենց անունները), որոնք դպրոցն ավարտել են մի քանի տարի առաջ, նշել են, որ դպրոցում եղել է հստակ տեսակավորում, հարուստների, պաշտոնատար անձանց երեխաների խմբավորում։ Մեր փոքր հարցման արդյունքում պարզվեց, որ ծնողները հիմնականում ձգտում են իրենց երեխաներին տանել այս դպրոցներ՝ լավ պայմաններ ունենալու պատճառով՝ միաժամանակ չթերագնահատելով մյուս դպրոցների ուսուցիչներին։

Այսպիսով, նախարարության գրառման հետ տնօրենները համաձայն չեն ։ Ու դեռ կան հարցեր, որոնք մնում են անպատասխան. ինչու՞ է նախկինում վերոնշյալ դպրոցների գերհագեցումը եղել թույլատրելի, եթե գործ ունենք նախկինում ընդունելության ժամանակ կոռուպցիոն դրսևորումների հետ, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու այս ուղղությամբ։

http://www.artsakhnow.am/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a7-%d5%a7%d5%ac%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81/