artsakhnow.am-ը փորձել է պարզել, թե Բակո Սահակյանի նախագահության վերջին շրջանում պաշտոնավարած նախարարներից ով ինչով է զբաղվում:
Արայիկ Հարությունյանը պետական նախարար էր վերանշանակել Գրիգորի Մարտիրոսյանին, սակայն արդեն հայտնի է, որ առաջիկայում նա հրաժեշտ կտա իր պաշտոնին՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:
Այսպես, նախարարի իրենց պաշտոններն են պահպանել Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Լևոն Գրիգորյանը: Նախարար է մնացել նաև Ժիրայր Միրզոյանը՝ Գյուղատնտեսության նախարարությունից տեղափոխվելով նորաստեղծ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախկին նախարար Ֆելիքս Գաբրիելյանը ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահն է: Բնապահպանության ոլորտը նախարարության կարգավիճակից իջեցվել է պետական այլ մարմնի կարգավիճակի: Պետական մեկ այլ մարմնի՝ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե նախագահ է նշանակվել Քաղաքաշինության նախկին նախարար Կարեն Շահրամանյանը:
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն Արայիկ Հարությունյանի կողմից նշանակվել էր Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, սակայն հուլիսի 15-ին անակնկալ պաշտոնանկ արվեց: Մեր հարցին թե ինչո՞վ է հիմա զբաղվում, նշեց, որ վայելում է ազատությունը, որևէ աշխատանքի չի անցել:
Մեզ չհաջողվեց կապվել Առողջապահության նախկին նախարար Արայիկ Բաղրյանի հետ, սակայն տեղյակ ենք, որ նա մեկնել է Երևան՝ մասնագիտական գործունեության: Մինչև Արցախում նախարար նշանակվելը նա ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարն էր:
Արդարադատության նախկին նախարար Արարատ Դանիելյանն այժմ նախագահի խորհրդականն է և Ազգային ժողովում նախագահի ներկայցուցիչը:
Կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այժմ դադար է վերցնում, նպատակ ունի վերադառնալ քաղաքականություն՝ չբացառելով համագործակցությունը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, դաշնակցական Լեռնիկ Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ կդասավանդի Արցախի պետական համալսարանում, նա Հայոց պատմության և ազգագրության մասնագետ է:
Ֆինանսների նախկին նախարար, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդի Արթուր Հարությունյանն Ազգային ժողովի ամենամեծ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարն է և ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: