2020թ. օգոստոսի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի երկու տեղակալներ ժամերով հարցաքննվել են: Musavat.com կայքի աղբյուրների համաձայն՝ փոխարտգործնախարարներ Ռամիզ Հասանովը և Նադիր Հուսեյնովը կանչվել են Պետական անվտանգության ծառայություն և ժամերով ցուցմունք են տվել ԱԳՆ-ում խախտումների վերաբերյալ:
Ըստ նույն կայքի հավաստի աղբյուրների՝ ԱԳՆ բարձր պաշտոնատար անձանց նոր հարցաքննություններ և ձերբակալություններ են սպասվում:
Նշենք, որ 2020թ. հուլիսի 6-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում էր ԱԳ նախարարության որոշ պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն ուղղված հասարակության և պետության շահերի դեմ: Արդյունքում ԱԳՆ պաշտոնատարներ Ֆարհադ Մոլլազադեին և Սալիմ Ալիզադեին մեղադրանք առաջադրվեց պաշտոնական դիրքը չարաշահելու, հափշտակության և կաշառակերության հոդվածներով, իսկ Նուրուփաշա Աբդուալեւին՝ կաշառակերության հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: