Найти тему
Artsakhnow.am

Պաշտոնյաների մասնակցությամբ խնջույք՝ «Տիգրանակերտ» արգելավայրում

Օգոստոսի 8-ին,  «Տիգրանակերտ» արգելավայրում խնջույք է կազմակերպվել, որին մասնակցել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանը, Ազատ հայրենիք-ՔՄԴ խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը: Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի տեղեկացմամբ, խնջույքը կազմակերպել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Խնջույքին մասնակցել է Հայաստանի ագրարային համալսարանի պատվիրակությունը և Ազատ հայրենիք-ՔՄԴ խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը՝ որպես Շուշիի ագրարային համալսարանի նախկին պրոռեկտոր: Արթուր Հարությունյանը նշել է, որ համավարակային բոլոր կանոնները պահպանվել են: Նա մի քանի անգամ ընդգծեց, որ խմբակցությունը խնջույքի հետ ոչ մի կապ չունի:

Խնջույքի մասին Կրթության, գիտության և մշակույթի նախարարությանը տեղեկացրել է  Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքերով այնտեղ նրանք «պահակություն» չեն անում, արշավախումբը տեղում էր, տեսել են, զգուշացրել նախարարին: «Թե ովքեր են եղել, ինչ են արել, քանի կտոր խորոված են կերել, չգիտեմ: Ուղղակի միանշանակ է, որ Տիգրանակերտն աշխարհին մեզ ներկայացնող մշակութային հուշարձան է, և ցանկացած խնջույքային երևույթ ընդունելի չէ: Ընդունելի չէ Արցախի համար, Արցախի սիմվոլների համար, Արցախի մշակութային քաղաքականության համար, ոչ թե անձամբ ինձ համար»: «Ես զանգել եմ մեր նախարարին, և պարզվում է, որ թյուրիմացություն է եղել, ու այլևս չի կրկնվի, ես վստահ եմ, որ նախարարի խոսքը վճռական է և հուսով եմ, որ նման թյուրիմացություններ այլևս…իհարկե հուշարձան կարելի է այցելել, իհարկե կարելի է նայել, եթե մարդիկ ուզում են մի բան ուտել, իհարկե կարելի է, խնդիրը դա չէ, խնդիրը այն է, որ Տիգրանակերտը կերուխումի վայր չէ: Ես չգիտեմ ովքեր են եղել, այդ մարդկանց առանձնապես որևէ մեկի հասցեին որևէ ասելիք չունեմ»:

Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքում նկար էր տեղադրել՝ «Տիգրանակերտը խորովածի ծխում» վերտառությամբ։

Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցության անդամ Էլեոնորա Ավանեսյանը մեզ հետ զրույցում փոխանցեց․ «ճիշտն ասած չգիտեմ ինչ են ասել, ուղղակի լսել եմ բողոքի մասին, բայց խնջույքը որպես այդպիսին, ինքը խնջույք չի կազմակերպվել ի սկզբանե: Մենք հյուրեր ունեինք՝ Հայաստանի ագրարային համալսարանի ներկայացուցիչներն էին, ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմն էր: Հանդիպումը քանի որ փակ տարածքում այս պահի դրությամբ արգելվում է, տարածքայինի նախարարի հետ որոշվեց, որ հանդիպումը կազմակերպվի հենց Տիգրանակերտում: Ճիշտն ասած ես էլ հրավիրված եմ եղել այնտեղ, մանրամասներին, թե այդ ամենն ինչպես է կազմակերպվել, չեմ տիրապետում: Ամեն ինչ փոխհամաձայնության հետևանքով է կազմակերպվել, երկու նախարարները իրար հետ խոսել են, այնտեղ ոչ մեկը ինքնագլուխ ոչ մի խնջույք չի կազմակերպել: Ինձ չի թվում թե ինչ-որ օրենքի խախտում է եղել, և մենք որևէ մեկի իրավունքներն ենք խախտել: Չէի ասի, որ կերուխում է եղել, ընդամենը հանդիպում էր և հանդիպման վերջում իրար հետ մի կտոր հաց են կտրել, ուղղակի խարույկ է եղել, ես չեմ հասկանում ինչ կերուխում, ինչ խնջույք: Չկա նման կարգ: Եթե լիներ նման կարգ, որը խոսեր դրա արգելման մասին, հաստատ վստահ եմ, որ չէին շրջանցի»: Նրա տեղեկացմամբ մոտ 30-35 մարդ է եղել այնտեղ:

ԿԳՄ նախարարի մշակույթի գծով խորհրդատու Մելանյա Բալայանը մեզ տված իր մեկնաբանության մեջ ասաց, որ «պետք է ըմբռնումով մոտենանք Համլետ Պետրոսյանի մտահոգություններին, որովհետև հանրահայտ է, որ տվյալ պահին այնտեղ իրականացվում են պեղումներ: Գոյություն ունեն մշակութային հուշարձանների պահպանության որոշակի չափորոշիչներ, և այդ չափորոշիչները բնականաբար ուսումնասիրվել և ընդունվել են որպես գործող նորմեր, դրանք ծառայում են պատմական հուշարձանների պահպանությանը: Եվ այո, եթե մենք հարցը դատելու լինենք և բնականաբար թե՛ հետախուզական աշխատանքների և թե՛ հնավայրի պահպանության տեսանկյունից համապատասխան մասնագետների մտահոգությունները այստեղ պետք է հասկանանք: Բայց եթե խոսքը վերաբերում է Տիգրանակերտում այդ աղբյուրի մոտ կատարված խնջույքին, ուզում եմ հայտնել այն իրողությունը, որ հնավայրից այն որոշակի հեռավորության վրա է գտնվում, իհարկե հասկանալով նաև որ ներառված է արգելոցի պահպանման գոտու մեջ, իհարկե մենք մտահոգություն ենք հայտնել կատարվածով, բայց համենայնդեպս այն հեռավորության վրա է գտնվում»:

Հարցին թե արդյո՞ք նախարարության մասնակցությամբ այսպիսի քայլը հրապարակայնորեն չդատապարտելու դեպքում կնպաստի նրան, որ հասարակությունը վերապահումներով կմոտենա հուշարձանների պահպանությանը, Մելանյա Բալայանը նշեց, որ նրանք պետք է ամեն ինչ անեն՝ հետագայում նմանատիպ միջոցառումների արգելման համար: «Կա նաև ԿԳՄ նախարարի խստիվ հանձնարարականը, որ նաև մշակեն համապատասխան կանոնակարգ …այսօր հստակ մշակված կանոնակարգ գոյություն չունի,…մենք այս բացը նույնպես պետք է լրացնենք և կա հանձնարարականը նախարարի մշակել կանոնակարգ, որպեսզի մենք բացառենք այսուհետ նման ցանկացած երևույթ: Իհարկե, ինձ՝ որպես պատմաբանի, նույնպես նման երևույթները հաճելի չեն: Ի դեպ ասեմ, որ այս հարցով իր մտահոգությունն է հայտնել «Տիգրանակերտ» արգելոցի տնօրեն Արմինե Հայրապետյանը»:

Արցախի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամլո հաղորդագրությունն էլ վկայում է, որ օգոստոսի 10-ին նախարար Ժիրայր Միրզոյանը ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ։ Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ «օրերս Ժիրայր Միրզոյանը Տիգրանակերտում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողների հետ, ներկայացրել նորաստեղծ նախարարության գերակա խնդիրներն ու գործունեության ուղղությունները, ինչպես նաև հանդիպման ավարտին պատասխանել մասնակիցների բարձրացրած հարցերին»: http://www.artsakhnow.am/%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%ad%d5%b6%d5%bb%d5%b8%d6%82%d5%b5%d6%84/