Найти тему
Artsakhnow.am

Արցախը կներառվի «օնլայն ֆերմայում»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 2020թ.  հուլիսի 29-ին ընդունել էր ՀՀ միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Սա առիթ դարձավ, որպեսզի հարցազրույց վերցնենք ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» նախագահ Աշոտ Կարապետյանից։

-Պարոն Կարապետյան փաստացի Ձեր գլխավորած «Միս և կեր արտադրողների և անասնաբուծների ասոցիացիան»  գործում է արդեն մի քանի տարի, ինչքա՞ն արտադրող է այն ներառում, ի՞նչ ծավալի արտադրանք ունի և ո՞րն է ասոցիացիայի նպատակը։

-Հայաստանի «Միս ու կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիան» հանդիսանում է հայ իրականության մեջ կազմավորված նմանօրինակ կառույցների մեջ ինքնատիպ մի ասոցիացիա, քանի որ ի տարբերություն մյուս կառույցների համախմբում և ներկայացնում է ոչ թե մեկ ոլորտի  կազմակերպությունների շահերը, այլ գյուղատնտեսության ոլորտի շահառուների շղթայական խմբերին: Ասոցիացիայի անդամ գործող 25 սպանդանոցները տեղակայված են ՀՀ բոլոր մարզերում, իսկ կերի մեծ պահեստների և տեղական կերի հումք արտադրողների ցանցի հետ միասին հանդիսանում է գյուղատնտեսության ոլորտի ամենաներկայացուցչական մասնավոր ցանցը: ՀՀ ողջ տեղական մսի ու կերի շուկայի շրջանառությունը աստիճանաբար տեղափոխվում է Ասոցիացիայի անդամ կառույցների գործառույթների ոլորտ: Ասոցացիան նպատակ է դրել համագործակցել ՀՀ և Արցախի բոլոր կառույցների և անհատների հետ, որոնք կարող են ներգրավվել կերարտադրության ու անասնապահության ոլորտ` ունենալով համապատասխան ներուժ:

Ասոցացիայի ղեկավար Աշոտ Կարապետյանը
Ասոցացիայի ղեկավար Աշոտ Կարապետյանը

–Հուլիսի 29-ին ասոցիացիայի անդամներից կազմված պատվիրաությունը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահի հետ։ Ի՞նչ արդյունք է տվել այդ հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՀ իշխանություններից։

-Ասոցիացիայի խորհրդի անդամները և գործընկերները, որոնցից կազմված էր պատվիրակությունը, ս.թ. հուլիսի 29-ին հանդիպեցին Արցախի նախագահի և պետական կառույցների ներկայացուցիչների հետ, որի արդյունքում ստացան  դրական արձագանք և պատրաստակամություն համագործակցել ասոցիացիայի կողմից առաջարկվող և ՀՀ-ում ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգի ուղղությամբ:

–Այնուամենայնիվ , ինչո՞վ է Ձեր ասոցիացիայի համար հետաքրքիր Արցախը:

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի  ներդրումը ասոցիացիացիայի կողմից ոչ լիարժեք կլինի առանց Արցախի տնտեսական ներուժի ընդգրկման և ոլորտի շահառուների մասին միասնական տեղեկատվական բազայի ստեղծման: Ինքնին էլեկտրոնային կառավարումը իրենից ներկայացնում է մի հարթակ՝ օնլայն ֆերմա, որի շրջանակներում կատարվում է բոլոր տեսակի գյուղական կենդանիների համարակալում և հաշվառում, նոր տեխնիկական լուծումներ, որը մեր հայկական ծրագիրը դարձնում է ավելի արդյունավետ, ժամանակ խնայող, հասանելի, մատչելի, քան աշխարհում գոյություն ունեցող բոլոր այլ ծրագրերը: Հավելեմ նաև, որ այս մոդելը հավակնում է դառնալ  ունիվերսալ ողջ Եվրասիական տարածքում։

–Համագործակցում եք արդյո՞ք բանակում սնունդ մատակարարող ընկերությունների հետ։

-Առաջարկվող մոդելը լուծում է պետական նշանակության մի քանի կարևոր խնդիրներ, որոնց թվում է նաև ՀՀ և Արցախի պարենային անվտանգության հարցերի լուծումը, ոչ միայն բանակի այլև ազգաբնակչության համար նույնպես:   Իսկ էլեկտրանային հարթակը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի մեր հայրենակիցներին մասնավոր ներդնում իրականացնել Արցախում գյուղատնտեսության շրջանառության մեջ դրվող հողատարածքների նոր ծրագրում, ինչը բխում է ԱՀ նախագահի նախընտրական ծրագրից: Այն կնպաստի նաև հայության մեծ մասի կապվածության աճին Արցախի հետ:

–Ի՞նչ խնդիրներ են առաջացել միս արտադրողների համար մորթի խստացման պայմանների  հետ կապված, մասնավորապես սպանդանոցային մորթի հետ կապված։

-ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում պարտադիր մորթի ներդրմանը զուգահեռ ոլորտը կանոնակարգվում է, դառնում է ավելի վերահսկելի պետական կառույցների համար և աստիճանաբար զարգացում է ապրում:  Ասոցիացիայի էլեկտրոնային կառավարման մոդելի ներդրումը լուծելու է ՀՀ և ԱՀ  անկախության շրջանում ծառացած մի շարք հիմնախնդիրներ` տեղական բուսական և կենդանական ծագման հումքի բազայի վրա հիմնված կերարտադրությունը, տեխնիկական մշակաբույսերով ու մսամթերքով հանրապետության պարենային անվտանգության ապահովումը, մարզերում զբաղվածության և սոցիալական խնդիրների հարցերը, գյուղատնտեսության մի քանի ոլորտների շղթայական ու շարունակական զարգացումը: http://www.artsakhnow.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%a8-%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%be%d5%ab-%d6%85%d5%b6%d5%ac%d5%a1%d5%b5%d5%b6-%d6%86%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4/