ԱԺ ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը 2020թ. օգոստոսի 11-ին ժամը 16:00-ին հրավիրում է նիստ. «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» թեմայով:
Հուլիսի 27-ին, նախագահ Արայիկ Հարությունյանը, երբ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին ազատում էր Արցախի Հանրապետության պարետի պարտականություններից, հայտարարեց, որ գործող պետնախարարին «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում:
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունների ավարտից 100 օր առաջ տեղեկացվում են ԱԺ խմբակցությունները և իրավասու մշտական հանձնաժողովը: Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու է առաջարկվում ԱԺ իրավասու մշտական հանձաժողովի որոշմամբ՝ ԱԺ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:
Հաշվեքննիչ պալատի գործող նախագահ Էռնեստ Ավանեսյանի լիազորությունները լրանում են 2020թ. հոկտեմբերի 29-ին, դրանից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկ օր առաջ Ազգային ժողովը պարտավոր է ընտրել Հաշվեքննիչ պալատի նոր նախագահ: