Найти тему
Artsakhnow.am

Դասագրքերի հակագիտականության և նոր չափորոշիչների մասին

artsakhnow.am-ը շարունակում է ներկայացնել արցախյան մասնագետների կարծիքներ հանրակրթական առարկաների նոր չափորոշիչների վերաբերյալ: Այս հոդվածում պատմության ուսուցիչ Սամվել Թավադյանի մեկնաբանությունն է:

Կասկածից  վեր է, որ  հայոց պատմագիտությունը  այսօր  ողբերգական  վիճակում է: Ամեն  մի  հակագիտական  գիրք  լույս  է  տեսնում, իսկ  գիտական  քննադատությունը գրեթե իսպառ  բացակայում է: Ցավալին  այն է, որ  այդ  հակագիտականությունը   մտել է  դպրոցական  դասագրքեր: Մեզ  անհրաժեշտ  են  գիտական, աշակերտների  համար  հետաքրքիր ու   հասկանալի  դասագրքեր:

Պետք  է  վերանայվեն  հայոց  պատմության   դասագրքերում  տեղ  գտած  հակագիտական  նյութերը: Օրինակ հայոց   պատմության   դասագրքում  կարդում ենք. ՛՛Արևմտյան  Հայաստանում  գտնվել  է  Անահիտ  աստվածուհու   բրոնզե  գլուխը, որը  պահվում է  Լոնդոնի  Բրիտանական  թանգարանում՛՛: Հին  հայոց   աստվածների   արձանները, բարձրաքանդակները  մեզ  չեն  հասել, իսկ Սատաղում   գտնված  վերոհիշյալ բրոնզե   գլուխը, որը  վերագրվում է Անահիտին, ավելի  շուտ  հելլենական   աստվածուհու արձան է  հիշեցնում: Իրականում  մենք  չունենք  որևէ  արձանագրություն, որը վերջ  կդներ  այս  հարցի  շուրջ  ծավալված  վեճերին:

Կամ օրինակ  դասագրքում գրված է, թե հնդեվրոպացիների  նախահայրենիքը   Հայկական  լեռնաշխարհն է: Հնդեվրոպացիների   տեղայնացման  հարցը  պատմագիտության  վիճահարույց  հարցերից  մեկն է և  մինչև օրս էլ պամաբանների  մոտ  միակարծություն չկա: Հնդեվրոպացիների հայաստանյան տեղայնացման վարկածն  առաջ է  քաշվել խորհրդային գիտնականների՝ Թամազ Գամկրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի կողմից, որը երբեք  լայն ընդունելիություն չի  գտել:Ներկայումս արևմտյան  պատմագիտության մեջ  առավել տարածված է Մարիա Գիմբուտասի «կուրգանային»  նախահայրենիքի տեսությունը, ըստ որի՝ հնդեվրոպական հասարակությունը ծագել է մերձվոլգյան տափաստաններում: Ավելի գիտական է  նշել  հեղինակավոր   վարկածները  և  հնարավորություն  տալ  աշակերտին ինքնուրույն   հետազոտական  աշխատանք  իրականացնել: Պատմությունը  գիտություն է և  երբեք  չպետք է  ցանկալին  ընդունել  ճշմարտության  փոխարեն:

Հայոց  պատմության  դասագրքերում  Արատտան ներկայացված  է  որպես  հայկական պետություն: Արատտան  համարել  հայկական  պետություն՝  ելնելով  Արատտա-Արարատ  անվան  նմանությունից,  հատուկ է միայն  ոչ  գիտական  աշխատանքներին: Արատտայի տեղայնացման  հարցում  ևս  միակարծիքություն  չկա: Այդ  երկրի  բնակիչները  ոչ  մի  արձանագրություն  չեն  թողել  և  հետևաբար այն   հայկական պետություն համարելու իրական փաստեր  չկան:

Ուրարտական պետության  հայկական լինելը  ևս  վիճահարույց է։ Ցանկալի  կլիներ, որ հայոց պատմության  դասագրքում  ընդգրկեին  Արմեն  Պետրոսյանի  ՛՛հայ  ժողովրդի  ծագման  էթիունյան  վարկածը՛՛, որն  ավելի  գիտական է, քան   հայասյանը։  Հեղինակը հիմնավոր  կերպով  ցույց է տալիս, որ  Էթիունին բազմիցս  ենթարկվել է  Վանի  արքաների  հարձակումներին և վերջինիս  համար  թշնամի երկիր էր։ Հայոց  ավանդությունում որպես Ուրարտուի անվանադիր  հանդես է  գալիս  Ասորեստանի  Շամիրամ  թագուհին: Նա հիմնադրում  է  Վան քաղաքը, որը  հայոց  մեջ  կոչվել է  Շամիրամի քաղաք։ Շամիրամի և  Արայի  հակադրությունը  կարող  է դիտվել  որպես  Վանի  արքաների կողմից  Էթիունի երկրի   նվաճման  առասպելաբանական  արտացոլումը։ Պատահական չէ, որ ազգածին  առասպելում  Ուրարտուն  նույնացված է  թշնամի  Ասորեստանի հետ, իսկ Ուրարտուի գերիշխանության  ժամանակաշրջանը ներկայացված  է  որպես  Ասորեստանի  տիրապետության  դարաշրջան:

Հիմնականում  պետք  է վերանայվեն  հայոց  պատմության  հին  և  նորագույն  ժամանակաշրջանները: Մեր  պատմությունը  արհեստականորեն  հնացնելով և  քաղաքականացնելով՝  մենք   չենք  նպաստի  հայագիտության  զարգացմանը:

Նոր   չափորոշիչների  մասին

Նոր   չափորոշիչնորի  համաձայն  Պատմություն  առարկայի  դասավանդումը  կսկվի  ոչ  թե  6-րդ, այլ  7-րդ  դասարանից, մինչև  12-րդ  դասարան: 7-րդ  դասարանի հայոց  պատմության դասագրքի թեմաները  սկսվում են  Վանի  թագավորության  պատմությունից  և  հասցվում   մինչև  Կիլիկիայի  հայկական  թագավորության  ժամանակաշրջանը:

Նոր  չափորոշիչներն  ունեն  իրենց  դրական  ու  բացասական  կողմերը: Մի  կողմից  գովելի  է, որ  Հայասայի, Արատտայի  կասկածելի  պատմությունը  տեղ  չեն  գտել հայոց պատմության  դասագրքի հիմնական թեմաներում, մյուս  կողմից  էլ  ցանկալի  կլիներ, որ   Համաշխարհային  պատմությունը  սկսվեր  Հին  Արևելքի   պատմությունից, ոչ թե Հին  Հունաստանից:

Հին  Հունաստանը  եվրոպական  քաղաքարթության  բնօրրանն է, սակայն մարդկային  հասարակության պատմությունը  սկսվում  է  Շումերից  և  Եգիպտոսից, որոնց  տարածքում  գրեթե  միաժամանակ  ի  հայտ են եկել  առաջին  քաղաքակրթությունները: Թույլ է  տված  ժամանակագրական  խախտում և  Հին  Արևելքի  պատմությանը  աշակերտները  կծանոթանան  միայն  10-րդ  դասարանում: Լավ է, որ  ավագ  դասարաններում  նյութը  չի  կրկնվում, բայց  ժամանակագրական  հաջորդականությունը  ամեն  դեպքում  պետք է  պահպանել:

Քանի  որ   Հայոց  պատմություն  առարկան   քննական  էր, այդ առարկային  հատկացված  էր  շաբաթական  երկու դասաժամ, իսկ  համաշխարհայինին՝ մեկ: Նոր չափորոշիչների  համաձայն  Հայոց  պատմություն  առարկային  կհատկացվի  տարեկան 85 դասժամ, նախկին 68-ի  փոխարեն, իսկ  Համաշխարհային պատմությանը  102 դասաժամ, նախկին  34-ի  փոխարեն: Հայոց  պատմությունը  համաշխարհային  պատմության  մի  մասն է լոկ  և  տրամաբանական է, որ համաշխարհային  պատմությունը  ավելի  խորը  և  մանրամասն  պիտի  ուսումնասիրվի: