ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առողջապահության նոր նախարար Արարատ Օհանջանյանին ներկայացնելու ժամանակ ասաց, որ Օհանջանյանի առջև դրած իր առաջին խնդիրն առողջապահության համակարգում գործող «ատկատների» իսպառ վերացումն է:
Ատկատը (ռուսերեն откат տերմինից) կաշառակերության տեսակ է, երբ պաշտոնատար անձը ապրանքների կամ ծառայությունների մատակարարին ընտրելու համար այդ նույն մատակարարից գումար կամ գործարքի գումարի որոշակի տոկոս է ստանում:
Այս թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի որոշ բուժհաստատությունների տնօրենների հետ:
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վ.Օսիպովը հարցին, թե արդյո՞ք սեփական պրակտիկայում ականատես է եղել ատկատների օրինակների, կամ եղե՞լ են հարուցված քրեական գործեր, ասաց, որ չգիտի իրենց մոտ «ատկատներ» կան թե չէ, որովհետև նրանց կենտրոնի բոլոր հղիները պետպատվերով հետազոտվում են, և պետական լաբորատորիաներ ուղարկվում են համապատասխան ուղեգրերով, որտեղ «ատկատ գաղափարը ընդհանրապես չի գործում, որովհետև մեր լաբորատորիաները հետազոտություններն անվճար են կատարում՝ մեր ուղեգրերի հիման վրա»: Վերջում բժիշկն ավելացրեց, որ համակարգում ատկատներ ցավոք սրտի կան, դրանցից խուսափել հնարվոր չէ, բայց երևույթը մասսայական բնույթ չի կրում:
«Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը մեզ հետ զրույցում, ասաց, որ ոչ մի քրեական գործ իր պրակտիկայում չի եղել: «Քանի որ երեխաները բոլոր հետազոտություններն անցնում են անվճար հիմունքներով, նրանք լրացուցիչ վճարների տակ չեն ընկնում, մեզ մոտ այդ հարցն ավելի թեթև է»,-նշում է բժիշկը:
Ոստիկանությունը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից առողջապահության ոլորտում հայտնաբերվել են տնտեսական և կոռուպցիոն բնույթի 3 հանցագործություն, որոնց վերաբերյալ հարուցված են քրեական գործեր։
«Արևիկ» բուժմիավորման նախկին բժիշկ, Վաղվա Արցախ կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանի խոսքերով նախկինում նա ականատես է եղել «ատկատների» դեպքերի: Խնդիրը նա տեսնում է նախագահի հանձնարարականի մեջ, որը Տ.Պետրոսյանը որակում է որպես պոպուլիստական քայլ: «Բանն այն է, որ «ատկատը» հանցագործություն է: «Ատկատների» մի շարք դեպքեր կատարվել են Արայիկ Հարությունյանի օրոք, և ինքը դրանց մասին տեղյակ լինելով, բայց որևէ բան չձեռնարկելով, նույնպես հանցագործություն է կատարել»,-ասաց Տ.Պետրոսյանը։