Շարունակում ենք ներկայացնել «ԼՂՀ Շահումյանի շրջանում 1991թ. մայիս-1992թ. հունիսի դեպքերի ժամանակագրությունը», որը ներկայացվում է Dialogorg.ru-ի «ԼՂՀ Շահումյանի շրջանի 28 տարվա օկուպացիան» տեղեկատվական-վերլուծական ծրագրի շրջանակներում:
1991թ․ մայիս ամսվա իրադարձությունները՝ այստեղ։
1991թ․ հունիս-հուլիս ամիսների իրադարձությունները՝ այստեղ։
1991թ. օգոստոս ամսվա իրադրաձությունները՝ այստեղ:
1991թ․ սեպտեմբեր ամսվա իրադարձությունները՝ այստեղ։
1991թ․ հոկտեմբեր-1992թ․ հունվար ժամանակահատվածի իրադրաձությունները՝ այստեղ։
1992թ․ փետրվար-մարտ ամիսների իրադարձությունները՝ այստեղ։
1992 թվականի ապրիլ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի և Շահումյանի շրջանների մի շարք հայկական բնակավայրեր ենթարկվեցին հրետակոծության: ԼՂՀ հյուսիսային մասում` Շահումյանի շրջանի տարածքում, Կարաչինար, Էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ հայկական գյուղերը ենթարկվել են ուժեղ հրետանային և հրթիռային կրակի:
Ապրիլի 8-ի երեկոյան և ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Շեֆեք գյուղում տեղակայված «Գրադ» հրթիռային կայանը կրակել է շրջկենտրոնի, ինչպես նաև Կարաչինար և Խարխափուտ հայկական գյուղերի ուղղությամբ: Պայթյունի հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց երեք մարդ: Շրջկենտրոնում ավերվեցին մի քանի տներ: Շեֆեք գյուղում ադրբեջանական բանակի դիրքերից Շահումյանի շրջանի հայկական գյուղերի հերթական հրետակոծման ժամանակ երկու մարդ զոհվեց և յոթը վիրավորվեցին: Այդ օրը Կարչինար, Խարխափուտ գյուղերը, ինչպես նաև շրջկենտրոն Շահումյանովսկը գնդակոծվել են «Գրադի» հրթիռակիրներից: Ռազմական գործողություններ սկսվեցին նաև Էրքեջ գյուղի մերձակայքում, մեկ այլ հայկական բնակավայր, որը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսարևմտյան մասում: Հարձակվել էր հարևան Տոդան գյուղում տեղակայված Ազգային բանակի մի ստորաբաժանում: Հարձակումը հետ մղվեց տեղի ինքնապաշտպանական զորքերի կողմից:
Ապրիլի 12-ին Շահումյանի շրջանի տարածքում, ամբողջ երեկոյի և հաջորդ գիշերվա ընթացքում, ադրբեջանական կողմը հրետակոծության է ենթարկել հայկական Կարաչինար, Էրքեջ գյուղերն ու Շահումյանովսկը: Գիշերը ադրբեջանցիները փորձել են գրավել Էրքեջ գյուղը: Սակայն հարձակումը հետ է մղվել: Հայկական կողմից զոհվել է երկու մարդ, ևս երկուսը ծանր վիրավորվել են:
Ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղը գրավելու ադրբեջանական ռազմական կազմավորումների փորձերը շարունակվում էին: Պաշտպանական մարտերի ժամանակ զոհվեց երկու հայ: Ապրիլի 14-ի առավոտյան վերսկսվեցին գրոհներն ու հրետակոծումները նույն շրջանի ադրբեջանական Տոդան գյուղի ուղղությունից: Շահումյանի շրջանի տարածքում գտնվող մեկ այլ հայկական գյուղ՝ Կարաչինարը, վերջին մի քանի օրերի ընթացքում անընդմեջ հրթիռակոծվում էր ադրբեջանական Շեֆեք (Շահումյանի շրջան) գյուղի Ալազանի հրթիռներից: