Найти тему
Yereknuk Trifolium

(անվերնագիր)

․․․ Ուշ աշնանային ցուրտ գիշերվա խավարը ճեղքվում է սրուացող գնացքի թույլ լուսաշերտով։ Վագոնում տաք է ու հարմարավետ, նույնիսկ` հաճելի։ Լուսամուտի մոտ նստած փորձում ես ինչ որ բան տեսնել գիշերվա թանձր խավարի մեջ։ Շնչառությունից թեթեւ լուսամուտի ապակին թեթեւ գոլորշապատվել է։ Ինչ ասես, որ չես մտածում գիշերով գնացքով ճանապարհ գնալիս։ Գուցե գնացքի վագոնանիվների ինքնահատուկ ու ռիթմիկ ձայնն է տրամադրում։ Ու ակամա անձկություն է իջնում վրադ, կպչուն, երբեմն երեւակայության հետ խառնված անձկություն։ Սկսում ես հիշել անցած գնացած օրերը։

Մի պահ նույնիսկ մոռանում ես, թե որտեղ ես։ Անցյալի պատկերներ, տեսարաններ, դեմքեր արագ ժապավենի վրա շարվում ու պտտվում են հայացքիդ դիմաց։ Երբեմն աննկատ ժպտում ես ինքդ քեզ, երբեմն զգում, թե ինչպես է ներսումդ ինչ որ բան սեղմվում, ոլորվում։ Կրկին նայում ես պատուհանից դուրս։

Թանձր կապտասեւ խավարի մեջ միայն հատուկենտ ուրվագծեր են գծագրվում։ Մարդկային հոգին, ներաշխարհն էլ, երեւի նման է այդ թանձր խավարին։ Ինչեր ասես, որ չկան թաքնված այդ խավարում։ Ինչեր ասես, որ չի ծածկում, քողարկում այդ խավարը։ Իսկ գնացքը շարունակում է սուրալ շեղբելով խավարն իր թույլ լուսաշերտով։