Արդեն մեկ ամսից ավել է, ինչ պատերազմի մեջ ենք: Պատերազմը համախմբեց մեզ, սովորեցրեց մտահոգվել և հոգ տանել միմյանց մասին, ինչը մենք ժամանակի ընթացքում մոռացել էինք:
Պատերազմի հենց առաջին օրվանից շատերը կամավորագրվեցին և մեկնեցին ռազմաճակատ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, մյուսները՝ թիկունքում հավաքում են անհրաժեշտ իրեր սահման ուղարկելու համար: Կարծում եմ, եթե մարդիկ առաջին օրերին, առաջին 2 շաբաթը մեծ հաճույքով հավաքում էին անհրաժեշտ պարագաներ, ապա դրանից հետո ցանկանում էին մեկնել ռազմաճակատ իրենց եղբայրների, հայրերի, քույրերի և հարազատների մոտ, որպեսզի կողք-կողքի մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը: Շատերը ինչ-ինչ պատճառներով չկարողացան կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ, ինչը հուսահատության մեջ էր գցել այդ մարդկանց: Ես էլ ինչ-ինչ պատճառներով չկարողացա կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ, ինչից հետո սկսեցի մտածել, թե ինչպես կարող եմ օգնել առաջնագծում կռվողներին, ինչպես իմ անմիջական մասնակցությունը ունենամ հաղթանակի կերտմանը: Երկար մտածելուց հետո հասկացա, որ պատերազմը չի ավարտվում զինադադարով, իսկ հաղթանակը չի կայանում պատերազմից հետո, իրական հաղթանակը պետության կայացումն է: Այսօր ռազմաճակատում կռվողները կայացնում են հաղթանակի մի մասը, իսկ մյուս մասը պետք է ձևավորենք մենք, ովքեր մնացել են թիկունքում: Այս ընթացքում շարունակելով կրթվել, ինքնակրթվել, զարգանալ, կուտակել էներգիա և մարտական գործողություններից անմիջապես հետո շարունակել մեր եղբայրների, հայրերի, քույրերի և հարազատների առաջնագծում կատարած աշխատանքը և մեր ձեռք բերած գիտելիքները և կուտակած էներգիան ներդնել պետության զարգացման և պետականության կայացման գործում:
Այս պատերազմի ընթացքում բոլորս ցանկանում ենք զենք վերցնել և մեկնել ռազմաճակատ, ունենալ մեր անմիջական մասնակցությունը այնտեղ՝ ռազմաճակատում: Այնպես, ինչպես հիմա ենք ցանկանում զենք բռնել և մեկնել ռազմաճակատ, այնպես էլ պատերազմից հետո պետք է ցանկանանք մասնակցել պետության կայացմանը, չմնալ անտարբեր ներքին և արտաքին քաղաքանության հանդեպ, ունենալ սեփական կարծիք և հայտնել այն, կայանալ որպես ընտրող, այլ ոչ թե որպես քվեարկող: Եթե մինչև պատերազմի սկիզբը մենք կայանայինք որպես քաղաքացի, գուցե չլիներ այս պատերազմը:
Ես ինքս ինձ էլ հարցեր եմ տալիս. եթե ես անեի սա այսպես կամ այնպես որպես քաղաքացի գուցե իմ փոքր ներդրումը ունենայի պետության կայացման գործում ու չլիներ այնպես, ինչպես հիմա է: Ինչևէ, պետք չէ ապրել անցյալով, բայց պետք է սովորել անցյալի սխալների վրա, հարցեր տա, ինքներս մեզ և լինել անկեղծ պատասխաններում:
Հույս ունեմ, որ պատերազմի ավարտից հետո կմնանք համախմբված, կկայանանք որպես քաղաքացի, կունենանք ակտիվ ներգրավվածություն երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերում, ինչը միանշանակ օգնելու է կայացնել պետությունը, և որքան կայացած է պետությունը, այնքան հեռու է վտանգը պատերազմից: