2020թ. սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաոս Պիպերինգոսին` հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Իլհամ Ալիեւի խոսքը միանշանակ ազդելու է հույն-ադրբեջանական հետագա հարաբերությունների վրա, քանզի Արևելյան Միջերկրականում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա վեճում Ադրբեջանն առաջին դեմքի մակարդակով պաշտոնապես հանդես է գալիս Թուրքիայի օգտին:
Հանդիպմանն Ալիեւի ելույթից որոշ պահեր.
«Որպեսզի դուք ուրիշ աղբյուրներից չլսեք, ասեմ, որ մենք մտահոգված ենք Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև առկա ռազմական համագործակցությամբ:
Հայաստանն Ադրբեջանի թշնամին է: Բնականաբար, Հայաստանի սերտ ռազմական համագործակցությունը ցանկացած երկրի հետ, մտահոգություն է առաջացնում: Եռակողմ համագործակցության ձևաչափն անհանգստացնում է մեզ: Իհարկե, ամեն երկիր անում է այն, ինչ ճիշտ է համարում: Դրա համար մենք այդ համագործակցությունն արգելափակելու կամ այս կամ այն ձևով վերացնելու դիրքորոշման վրա չենք կանգնած: Սակայն, կարծում եմ, լավ է, որ Դուք լսեցիք մեզ մտահոգող հարցի վերաբերյալ հենց ինձնից:
Դուք հավանաբար տեղյակ եք Ռուսաստանի կողմից Հայաստան սպառազինության ինտենսիվ մատակարարման վերաբերյալ մեր արձագանքին: [Հայաստանի և Ադրբեջանի միջև] ակտիվ բախումներն ավարտվել են հուլիսի 16-ին, և հուլիսի 17-ից մինչև երեկ, երեկ վերջին չվերթն էր, Ռուսաստանից Հայաստան կասպյան երկրների տարածքով իրականացվել են բազմաթիվ բեռնատար չվերթներ: Ես սա միայն Ձեզ չեմ ասում: Մենք այս հարցը բարձրացրել ենք նաև մեր ռուս գործընկերների առջև: Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը մեզ անհանգստություն է պատճառում, որովհետև այն էական սպառնալիք է Ադրբեջանի համար:
Հաջորդ հարցը, որը ես կցանկանայի շոշափել, Արևելյան Միջերկրականում Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի ունեցած սրացմանն է վերաբերում: Պետք է Ձեզ ասեմ, և դա գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն ընկեր ու գործընկեր է, այլ նաև` եղբայրական երկիր: Մենք առանց տատանման աջակցում ենք և բոլոր դեպքերում աջակցելու ենք Թուրքիային: Այդպիսի աջակցություն մենք տեսնում ենք նաև մեր թուրք եղբայրների կողմից: Նրանք աջակցում են Ադրբեջանին բոլոր հարցերում և մենք աջակցում ենք նրանց բոլոր հարցերում, այդ թվում Արևելյան Միջերկրականում` երկրաբանական հետազոտության հետ կապված:
Ես ցանկանում եմ, որ Դուք իմանաք մեր դիրքորոշման մասին: Այդ դիրքորոշումը պաշտոնապես հայտարարվել է Ադրբեջանի կառավարության կողմից` իմ հանձնարարությամբ: Ձեզ ևս մեկ անգամ նշեմ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն բարեկամական, այլև եղբայրական երկիր է, թուրքերը մեր եղբայրներն են: Այնպես որ բոլոր հարցերում մենք լինելու ենք նրանց կողքին:
Ցանկանում եմ գտնել գոնե մի դրական հարց, որին արժեր անդրադառնար, բայց, ցավոք սրտի, չեմ կարողանում: Հուսով եմ, որ, համեմատաբար վերջերս իշխանության եկած Հունաստանի նոր իշխանությունը, հնարավոր է, կվերանայի Ադրբեջանի նկատմամբ նախորդ կառավարության քաղաքականությունը և մենք կկարողանանք վերականգնել կապերը, քննարկել դրական դինամիկա ստեղծող հարցեր: Իհարկե, դա կախված կլինի Հունաստանի կառավարության դիրքորոշումից և վարած քաղաքականությունից»:
Դեսպան Նիկոլաոս Պիպերինգոսը պատասխան խոսքում նշել է.
«Շնորհակալություն հույն-ադրբեջանական հարաբերությունների վիճակի մասին Ձեր նկատառումների համար: Ես շատ ուշադիր լսեցի Ձեզ և Ձեր խոսքերը կհասցնեմ մեր կառավարությանը»:
Մնում է ավելացնել, որ Ադրբեջանի նախագահի ասած «Ցանկանում եմ գտնել գոնե մի դրական հարց, որին արժեր անդրադառնալ, բայց, ցավոք սրտի չեմ կարողանում» նախադասությունն Ադրբեջանի նկատմամբ Հունաստանի վարած քաղաքականությանը լավագույն հաճոյախոսությունն է, որն առանց քաղաքական ֆանտազիան գործի դնելու, նախկինում դժվար էր պատկերացնել:
Էդուարդ Առաքելյան
http://www.artsakhnow.am/%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a5%d6%82%d5%a8-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d5%a3%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf/