ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հյուրընկալվել է «Вести.FM» ռադիոկայանի «Ամբողջական կոնտակտ» ծրագրին, որի ժամանակ, ի թիվս այլնի, խոսել է Հայաստանի անվանման մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ իր կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ Հայաստանի Հանրապետությունը կոչվեր Արևելյան Հայաստան:
Հայազգի փորձագետը շեշտել է, որ ներկայիս հայկական պետությունը կազմում է պատմական Հայաստանի միայն մի փոքր մասը:
«Հայկական սփյուռքի ամենամեծ գաղութն ապրում է Ռուսաստանում: Այստեղ հայերը քիչ չեն, որքան Արևելյան Հայաստանում, որն այժմ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Ինչու եմ ես ասում Արևելյան Հայաստան, որովհետև, երբ ինձ ասում են ՀՀ, ասում եմ, որ ես դեմ չեմ պաշտոնական անվանմանը, սակայն, երևի թե, ճիշտ կլիներ, եթե երկիրը կոչվեր Արևելյան Հայաստան, այն պատմական Հայաստանի 7 տոկոսն է միայն», - ասել է Բաղդասարովը:
Նա նաև մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է հեռացնել Հայաստանն իր պատմական դաշնակից Ռուսաստանից: