Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանի քաղաքացիները կկարողանան պարզեցված ընթացակարգով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում․ Միշուստին

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է այն 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված ընթացակարգով հաշիվներ կամ ավանդներ բացել ռուսական բանկերում, փոխվարչապետերի հետ օպերատիվ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ։

Ցուցակում ընդգրկված են Բելառուսը, Ղազախստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հայաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մի շարք այլ բարեկամ երկրներ։

«Դրա համար օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ կլինի նախքան Ռուսաստան մուտք գործելը փաստաթղթերի փաթեթ ներկայացնել իրենց երկրում գտնվող վարկային հաստատություն: Ժամանելուց հետո նրանք արդեն կկարողանան վճարումներ կատարել մեր բանկերում»,- պարզաբանել է նա։

Միշուստինը հավելել է, որ նման որոշումը կոչված է բարելավելու գործընկեր պետությունների գործարար շրջանակների միջև փոխգործակցությունը։ «Սա նաև ավելի հարմար կդարձնի Ռուսաստան ճանապարհորդությունը զբոսաշրջիկների և ձեռնարկատերերի համար»,-շեշտել է նա։

Հոկտեմբերի 24-ին ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը։ Նշվում է, որ առաջարկն արել է Պետդումայի տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը, ում կարծիքով տվյալ նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։