Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Աստվածամոր բարեխոսությունը Հայաստանին և Արցախին»․ Հայ առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխումը

Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, հաղորդում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Բերկրառատ Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը` պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

«Աստվածամոր վերափոխումը մենք տոնում  ենք իբրև  գալիք այն իրողության ևս մեկ հաստատում, որ մենք էլ պիտի հարություն առնենք և Աստվածամոր օրինակով հաղթահարենք մահը»,- ներկայացնելով տոնի խորհուրդը՝ նշեց պատարագիչ Սրբազանը։

Վերջում Վազգեն Սրբազանը, ևս մեկ անգամ աղոթք վերառաքելով առ Աստված, դիմեց ներկա հավատացյալներին՝ նշելով․ «Սիրելի հավատացյալնե՛ր, շնորհավորելով բոլորիս տոնի առիթով, միանում եմ ամենքիդ աղոթքներին և խնդրում Աստվածամոր բարեխոսությունը մեր ազգի, Հայաստան և Արցախ աշխարհների  համար, մեր բանակի, մեր ժողովրդի փրկության համար»։

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցական թափորը Սուրբ Գայանե վանքից ուղղվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին: