Հարցված ՀՀ քաղաքացիների գրեթե 53%-ը հավանություն չի տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ Այս մասին տեղեկանում ենք այսօր «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի հրապարակած ցուցանիշներից։
Արամ Նավասարդյանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և ՀՀ նախագահի գործունեությանը վերաբերող հարցման արդյունքները, որը կատարվել է 1100 քաղաքացիների շրջանում՝ ապրիլի 26-30-ը։
Հարցված 1100 քաղաքացիների 13,9%-ը հայտնել է, որ միանշանակ հավանում է ՀՀ վարչապետի գործունեությունը։ Նրանց 24,1%-ը նշել է, որ ավելի շուտ հավանում է վարչապետի գործունեությանը, 12,3%-ը՝ ավելի շուտ չի հավանում, 38,7%-ը՝ ընդհանրապես չի հավանում։
Հարցված քաղաքացիների 54,3%-ը հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին։
1100 քաղաքացիներից միայն 10,8%-ը դրական է գնահատել կառավարության աշխատանքը, 21,8%-ն ավելի շուտ հավանում է, 11,8%-ն ավելի շուտ չի հավանում, 42,5%-ն ընդհանրապես չի հավանում։
Ազգային ժողովի աշխատանքին միայն 5,9%-ն է միանշանակ հավանություն տվել, 50,5%-ն ընդհանրապես հավանություն չի տվել։
Հարցման շրջանակում հարցրել են քաղաքացիների կարծիք նաև այն մասին, թե Կասկադում քաղաքացու վրա թքելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդյո՞ք պետք է հրաժարական տա։ Հարցվածների 43,5%-ի կարծիքով՝ Սիմոնյանը միանանշանակ պետք է հրաժարական տա, 17,2%-ի կարծիքով՝ նա միանշանակ չպետք է հրաժարական տա։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի գործունեությանը հարցվածների 8,5%-ն է միանշանակ հավանություն տվել, իսկ 42,4%-ն ընդհանրապես հավանություն չի տվել։
Մանրամասները՝ տեսանյութում։