Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Մեր աշխատանքը խաթարվում է». քիմիկոսները կրկին բողոքի ակցիա են իրականացրել

Այսօր ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ հայտարարելով, որ իրենց աշխատանքը խաթարվում է: Նրանց պահանջները չեն փոխվել՝ կրկին վերաբերում են կենտրոնի տարածքում բազմահարկ շենքի կառուցման նախաձեռնությանը, որին դեմ են:

«Մեր կենտրոնի մոտ ուզում են 3 հարկանի շենքը կառուցել: Շենքի կառուցման համար ջրանցքի տեղափոխման աշխատանքներ են իրականացվում, իբրև թե, արդիականացնելու համար: Բայց այդ աշխատանքները խաթարում են մեր աշխատանքները: Մենք պետությանը դիմել ենք հետևյալ հարցադրմամբ՝ հնարավոր չէ արդյոք շենքի կառուցման համար մեկ այլ տարածք տրամադրել»,-ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը:

Նա նշեց, որ սեփակնատերն է պահանջել տեղափոխել ջրանցքը:

Նրա խոսքով, քաղաքապետարանը ջրանցքը տեղափոխելու թույլտվություն է տվել, բայց իրենց հետ այդ հարցը չեն համաձայնեցրել:

Սահակ Գասպարյանը նշեց, թե իրենց շենքը Աշտարակ տեղափոխելու խոստումներ են տրվել:
«Ասում են՝ ձեզ տանելու ենք Աշտարակ: Մի անհանգստացեք: Անհնար է, որ այդտեղ շինարարություն լինի և մենք զուգահեռաբար կարողանանք աշխատել: Բայց եթե կառավարությունը որոշել է մեզ տեղափոխել Աշտարակ, թող այնտեղ շենքը կառուցի, մեզ տեղավորի, նոր էստեղ սկսեն շինարարությունը»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները նախորդ տարի ևս բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։

Այդ ժամանակ նրանք հայտնել էին, որ ջրավազանի տարածքը տասնյակ տարիներ առաջ օտարվել է ապօրինություններով, ինչը պարզել է նաև Քննչական կոմիտեն, սակայն, վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճել է: Ավելի վաղ նրանք նշել էին, որ տարածքը ձեռքից ձեռք վաճառվել է, և 2019-ին այն ձեռք է բերել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը:

Ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանը նախորդ տարի Armenia Today-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք կառուցում են էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր։ Ընկերության ներկայացուցիչն ապատեղեկատվություն էր համարել ակցիայի մասնակիցների այն հայտարարությունը, թե համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում