Բնական է, որ ԱՄՆ-ն շատ ակտիվ ներգրավվածություն է ունենալու ցանկացած արտաքին գործընթացում, որովհետև սա նոր վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի շեշտադրումներին, որոնք արվել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտնել էր նաև Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին։
«Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Ամերիկայի միացյալ նահանգները, նաև որպես Մինսկի խմբի նախագահ, շատ ավելի ակտիվ պետք է լինի։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Թրամփի վարչակազմի ժամանակ արտաքին քաղաքական ուղղություններն այդքան էլ ակտիվ չէին։ Դրանք այդքան էլ առաջնահերթություն չէին Թրամփի վարչակազմի համար։ Այդ ակտիվությունը չցուցաբերվեց նաև պատերազմի ժամանակ։ Հիմա նոր ակտիվության կարիք կա, ու նոր վարչակազմը փորձելու է այդ ակտիվությունը, այդ բացը նոր լրացնել»,-ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությանը և այն հանգամանքին, որ մինչ այս պահը դեռ փոփոխություններ չեն արձանագրվել՝ քաղաքագետը նկատեց․
«Իրավիճակի փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողանում ատամ ցույց տալ։ Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ ոտնձգություն սուվերեն Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ, որի վերաբերյալ չկա որևէ նորմալ, ադեկվատ բացատրություն, հայտարարություն, չկա նաև պաշտոնական դիրքորոշման հստակեցում։ Իշխանականները լղոզված, իրար հակասող ինչ-որ հայտարարություններ են անում, և, բնական է, որ այս ամենից օգտվում է նաև ադրեջանական կողմը։ Եթե ՀՀ-ի կողմից չկա որևէ տեսակի արձագանք, պատասխան, բնականաբար, Ադրբեջանը համարելու է, որ զավթելու է այնքան ՀՀ տարածք, որքան ցանկանում է՝ առանց հաշվի առնելու մեր աղմուկն ու աղաղակը։ Այնպես որ, այս ամենը վկայում է այն մասին, որ չունենք պաշտպանություն, չունենք դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն։ Մեծ հաշվով, բախվել ենք մի խնդրի հետ, որի լուծումը մենք չենք կարող տալ»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Դրանք շարունակվելու են նաև մայիսի 19-ին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#ԱՄՆ #Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակ #Ջեյք Սալիվան #Սուրեն Սարգսյան