Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են: Այս մասին #Հայ մամուլի օրվա կապակցությամբ արված իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով:
Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն: Սիրելի լրագրողներ, Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ստեղծագործական վերելքներ, մշտապես կատարելագործվելու կամք և ձգտում»,-նշել է Փաշինյանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք