Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրանի նախագահի հատուկ օգնականը հիվանդանոցում այցելել է Իսրայելի հարվածներից վիրավորված հայ ընտանիքին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ էթնիկ և կրոնական համայնքների հարցերով հատուկ օգնական Մահմուդ Ալավին այցելել է Թեհրանի հիվանդանոցում գտնվող հայ ընտանիքի, որը տուժել էր իսրայելական ռմբակոծություններից, հաղորդել է «Ալիք» թերթը:

Ալավին ծանր վիրավորված 72-ամյա Անահիտ Շահբազյանին է փոխանցել Փեզեշքիանի բարեմաղթանքներն ու մաղթել շուտափույթ ապաքինում: Ընտանիքի մյուս երեք անդամները թեթև վնասվածքներ էին ստացել և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ, Իսրայելում՝ 24:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում