Հանրապետության վաստակավոր նկարիչ Էդվարդ Սարգսյանի ստեղծագործությունների անհատական երկրորդ ցուցահանդեսը, որը բացվել էր վերջերս Նկարչի տան սրահում, նկարչի ավելի քան կեսդարյա բեղմնավոր գործունեության արգասիքն էր:
Սկսելով իր ստեղծագործական աշխատանքը քսանական թվականների երկրորդ կեսից նա այնուհետև պարբերաբար մասնակցել է սովետահայ կերպարվեստագետների կազմակերպած բոլոր ցուցահանդեսներին:
1927 թվականին ավարտելով Երևանի գեղարվեստի տեխնիկումը նա անմիջապես ձեռնամուխ է լինում ակտիվ հասարակական կազմակերպչական գործունեության:
<<Ռևոլյուցիոն Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի>> (ԱԽՌՌ) հայկական բաժանմունքի օրինակով կազմակերպում է<<Ռևոլյուցիոն Ռուսաստանի երիտասարդ նկարիչների ասոցիացիայի>> հայկական մասնաճյուղ, ընտրվում է նախագահ:
Կազմակերպությունն անմիջապես անցնում է աշխատանքի և1929 թ. հունվարին ԱԽՌՌ-ովցիներից առաջ, կուլտուրայի տան սրահում բացում է իր անդրանիկ պատկերասրահը` գեղանկար, գրաֆիկա, քանդակ բաժիններով:
Ցուցահանդեսի կազմակերպիչն էր Էդվարդ Սարգսյանը: Նա էր, որ գնաց լուսժողկոմատ, ԼԿԵՄ Կենտկոմ, տպարան և այլ կազմակերպություններ` խնդրելով օգնել երիտասարդներին: Մարտիրոս Սարյանն առաջինը եղավ, որ միջնորդեց լուսժողկոմ Ասքանազ Մռավյանին` նյութապես ապահովելու ցուցահանդեսի բացումը: Ալեքսանդր Թամանյանը` իր գլխավորած հիմնարկի միջոցներից հատկացրեց շրջանակների համար տախտակ, կտավ և այլ նյութեր:
Էդվարդ Սարգսյանը Կերպարվեստագետների միության հիմնադիր անդամներից մեկն է եղել: Դեռ1934-ին, երիտասարդական համահայաստանյան օլիմպիադայում նրա գեղանկարչական աշխատանքն առաջին մրցանակի արժանացավ, իսկ նույն թվի աշնանը Թբիլիսիում կայացած Անդրկովկասյան հանրապետությունների օլիմպիադայում պարգևատրվեց պատվոգրով: 1939 թ. <<Սասունցի Դավթի>> հազարամյակին նվիրված ցուցահանդեսում նկարիչը հանդես եկավ<<Բագրևանդի ճակատամարտը>> մեծադիր կտավով, իսկ1940 թվականին, Հայաստանի սովետական կարգերի հաստատման առթիվ բացված ցուցահանդեսում` <<Ղազախի կարմիր պարտիզանները>> կոմպոզիցիոն գործով:
Պատերազմի տարիներին և հետագա տասնամյակների ընթացքում Էդվարդ Սարգսյանը նվիրված ու անդուլ աշխատեց: Ստեղծագործել է գեղանկարի բոլոր ժանրերում, իբրև սոցիալիստական ռեալիզմի ջատագով` տեսաբանական բազմաթիվ հոդվածներով հանդես եկել պարբերական մամուլում:
Եվ ահա, վերջերս Երևանի նկարչի տանը բացվել էր Էդվարդ Սարգսյանի աշխատանքների ցուցահանդեսը, որ սկսվում էր հին Երևանի բնապատկերներից (ակվարել, յուղաներկ)- <<Մայրը պատշգամբում>>, <<Ձմեռը մեր բակում>>, <<Հին տուն Այգեստանում>>, <<Սարի թաղ>>, <<Այգում, ծառերի ստվերների ներքո>>, <<Եղրևանիների պուրակ>> և ուրիշ գործերով: Սրանցից յուրաքանչյուրը քնարերգական մի երգ է ձոնված հին Երևանին: Պատկերներ, որոնք այսօր այլևս չկան և գեղեցիկ հուշեր են արթնացնում դիտողի մեջ:
Հաջորդաբար ներկայացված են նաև Աշտարակի, Օշականի, Ապարանի, Սևանի, Գառնիի, Այրիվանքի, Արագածի և Հայաստանի այլ շրջանների բնապատկերներ:
Լեռնային տեսարաններին հաջորդում են բերքառատ դաշտերը, այգեշատ ոստանները, հորդահոս գետերն ու գետակները, աղբյուրները, դաշտային ծաղիկները:
Հին Աշտարակին նվիրված շարքի գործերը, ինչպես ասենք` <<Աշտարակի հին կամուրջը>> (1960 թ.), չեն պատկերում միայն տեղանքը, այլ կատարված են էպիկական շնչով, գունեղ, թարմ կոլորիտով և գեղանկարչական ծավալայնությամբ ուղղակի հիացմունք են պատճառում: Աշտարակից կատարած մի այլ բնապատկեր` <<Գարունը Աշտարակում>> (1960), գույների առինքնող ներդաշնակությամբ համակված մի երգ է, նրբին վալյոռներով վրձնված: Հաջողված կոմպոզիցիայով աչք է շոյում <<Լուսաղբյուրը Քուչակ գյուղում>> (1961) տեմպերայով արված կտավը: Սա Հայաստանին շատ բնորոշ պատկեր է և նկարչի լավագույն գործերից մեկը:
Հայ ճարտարապետության սքանչելի կոթողի և շրջապատի բնության ներդաշնակությունն է ընդգծում <<Այրիվանք>> (1965 թ.) կտավը: Հաջողված բնապատկերները շատ են: Անհնար է մի հոդվածում այդ բոլորը հիշատակել, սակայն լռելյայն չի կարելի անցնել <<Արայի լեռը>> (1962 թ.) կտավի կողքով, գործ, որ մի պահ դիտողին տանում է բնության գիրկը:
Հետաքրքիր է նկարչի` Դանիել Վարուժանի <<Հեթանոս երգերի>> ներշնչանքով ստեղծված <<Հեթանոսական պար>> (1981թ.) գեղանկարը, որը սիրո և գեղեցկության մի ձոն է:
Այս շարքի հաջողված գործերից է նաև <<Նավասարդ>> (1980 թ.) կտավը` հին հայկական տոնախմբությունը պատկերող մի գեղեցիկ գործ:
Անհրաժեշտ եմ համարում հիշատակել, որ Էդվարդ Սարգսյանը վաղուց ի վեր տարված է հայկական դյուցազներգության թեմաներով: Նա լավ է ուսումնասիրել Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>> էպիկական դրվագները և բազմաթիվ դրվագներ ստեղծելուց հետո միայն իր առաջին ցուցահանդեսում` 1970 թ. ներկայացրեց միջին մեծության գեղանկարչական քսան գործեր` տեմպերայով արված: Թե դիտողները և թե մամուլը բարձր գնահատեցին այդ նկարաշարը: <<Վան բերդաքաղաքը>> (1978 թ.), <<Բիթլիս (Բադեշ)>> (1984) գեղանկարչական գործերում նկարիչը վերհիշում է իր մանկության օրերից պահպանված պատկերները: Սրանք աշխարհագրական տեղամասերի բնանկարներ չեն միայն, այլ կորուսյալ երկրի կարոտի, բուռն տենչանքի վառ արտահայտություն:
Ռազմի երգերով կռվի են գնում <<Սիփանա քաջեր>> (1968) նկարի հերոսները: Նժույգների վրա, զինված, նրանք մեկնում են ոսոխի դեմ իրենց հայրենիքի ազատության համար պայքարելու: <<Սասունցիները>> (1980) կտավի ամբողջ կոմպոզիցիան խաչաձև հատված գծերի վրա է կառուցված, որն էլ ավելի շեշտում է պայքարի ելած սասունցիների ըմբոստ ոգին: Հիշյալ թեմայի շարունակությունն է ասես <<Մեռնում է սասունցի հայդուկը>> (1980 թ.) գեղանկարը:
Սրանք կտավներ են, որոնք ծնվել են վերջին տասնամյակում լույս տեսած Խաչիկ Դաշտենցի և Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությունների ներշնչանքով:
Ցուցահանդեսում ներկայացված էին Սիամանթոյի (1980 թ.), Դանիել Վարուժանի (1981 թ.), Մ. Պեշիկթաշլյանի (1981 թ.), Մեծարենցի (1981 թ.), Պետրոս Դուրյանի (1979 թ.) դիմանկարները: Հայ գրողների կենսագրության էջերը, նրանց քնարական տողերն ու խրորտ բանաստեղծությունները վերընթռնելու մի նոր հնարավորություն է տալիս նկարչի ստեղծած դիմանկարների այս շարքը: Այս բաժնի կենտրոնում ցուցադրված է<<Մեր նախնիքը>> մեծածավալ կտավը (1968 թ.), ուր նկարիչը փորձել է պատկերել մեր մեծ նախնիների ընդհանրացված կերպարները:
Կանացի դիմանկարների շարքում, բնորդուհիների նրբագեղ դիմագծերը շահեկան են հնչում ընդհանուր գունային համակարգի մեջ, նկարիչը լավ է օգտագործում գեղանկարի իր առաջին ուսուցիչ Ստեփան Աղաջանյանի ավանդները: Անհրաժեշտ է տակտ և վարպետություն ցուցաբերելով Էդվարդ Սարգսյանի արած դիմանկարները թեպետ դասական ընդունված ձևերով են արված, բայց քարացած միապաղաղ արտահայտություն չունեն, նկարչի աշխույժ վրձնահարվածները կենդանություն են տալիս դեմքի պլաստիկ ձևերին: Հիշենք նրա<<Մոր դիմանկարը>> (1965 թ.), <<Գոհարիկի>> (1979 թ.) համասեռ մինոր գույների համադրություններով, արտահայտիչ, քնարերգական պորտրեն, նրբագեղ<<Զյուսիկի դիմանկարը>> (1943 թ.):
Ցուցահանդեսը ընդգրկում է նաև նատյուրմորտներ, որոնք ասես լրացնում են նկարչի հետաքրքրությունների ոլորտը:
Էդվարդ Սարգսյանը պարբերաբար դիմել է նաև գրաֆիկային: Գրքի ձևափոխություններով նա զբաղվել է դեռևս երեսնական թվականների սկզբից, երբ Եղիշե Չարենցը ղեկավարում էր Պետհրատի գեղարվեստական հրատարակչության բաժինը:
Ցուցահանդեսում ներկայացված էստամպների նմուշները վկայում են, որ նկարիչը գիտակ է գրաֆիկայի գաղտնիքներին և ունի սեփական աշխատելաձև: Նրա ճեպանկարները աչքի են ընկնում աղված պլաստիկ գծերով: Առանց տարիների ընթացքում գրչի, ածուխի և այլ միջոցներով կատարած գծանկարների և ճեպանկարների, անշուշտ, նա չէր կարողանա հասնել նման վարպետության, վարպետություն, որ ակնհայտ է արվեստագետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքում:
Գաբրիել Գյուրջյան
ՀՍՍՀ Ժողովրդական նկարիչ
Սովետական արվեստ
Հոկտեմբեր, 1984 թ., ք. Երևան