Իրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործում արդյունավետ դերակատարմանը: Այս մասին մայիսի 29-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, հայտնում է Tasnim-ը։
Նշվում է, որ Բաղերին հաստատել է նաև Իրանի պատրաստակամությունը՝ կյանքի կոչելու ավիավթարում զոհված երկրի նախագահի և արտգործնախարարի օրոք Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Գործակալության տվյալներով՝ Միրզոյանը կարևոր է համարել Իրանի դերը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է Երևանի և Թեհրանի միջև համագործակցության շարունակականությունը՝ ընդհանուր ռազմավարական նպատակներին հասնելու համար։
Նշվում է, որ հայ նախարարը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում Իրանի հետ համագործակցության, այդ թվում՝ Ագարակ-Քաջարան ճանապարհի կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ-ն մայիսի 29-ին հայտնել էր, որ զրույցի ընթացքում նախարարները քննարկել էին երկկողմ և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում