Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ բանակցություններում «կոնկրետ պահերի» մասին, որոնք թույլ չեն տալիս բացահայտել բանակցությունների մանրամասները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կողմերի միջև բանակցություններ են տեղի ունեցել Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում։ Մենք պետք է իրատես լինենք մեր ակնկալիքներում, ես չեմ կարող բացահայտել բոլոր մանրամասները, քանի որ կան որոշ կոնկրետ կետեր»,- ասել է նա։
Ադրբեջանցի դիվանագետը պնդել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը «պետք է լինի փաստաթուղթ, որը չի ունենա բաց պահեր և հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին կարող են դառնալ բանակցությունների թեմա»։
Բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին՝ Բարեկամության տանը։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Մայիսի 11-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր Ալմաթիում մայիսի 10-11-ը կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքների մասին։ Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից հավելել էին, որ շարունակելու են քննարկել չլուծված հարցերը։
Նորություններին հետևեք մեր կայքում (https://armeniatoday.news/hy), ինչպես նաև Telegram-ում (https://t.me/armtodayarm) և YouTube-ում (https://www.youtube.com/channel/UCzt73kS8-2XS9q5cLubs3ww)