Найти тему
Հայաստանն այսօր

Վահագն Ալեքսանյանը կասկածի տակ է դրել Փաշինյանի երկխոսության հնարավորությունը շարժման առաջնորդների հետ

Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ իմաստ չի տեսնում բանակցել «Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ»։ Նա այսպես է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է երկխոսություն սկսել Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարների հետ։

«Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի՝ մեծ հաշվով, լավ չեմ հասկանում»,- ասել է պատգամավորը։ Ճշտող հարցին, թե սա նշանակում է, որ Փաշինյանը չի՞ պատրաստվում առաջիկա մեկ ժամվա ընթացքում բանակցել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ, Ալեքսանյանը պատասխանել է, որ իրավասու չէ խոսել վարչապետի անունից։

«Ես իրավասու չեմ վարչապետի անունից ոչինչ հայտարարել, բայց ես նորից եմ ասում՝ առհասարակ նման երևույթ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններն են, ես, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, էլի, մեծ հաշվով»,- ասել է նա։ Նա հավելել է, որ եթե ցուցարարները որոշեն դիմել որոշակի գործողությունների, այդ թվում՝ նստացույցի, դա իրենց սահմանադրական իրավունքն է։

«Դե, կարող են, միշտ էլ, իմ տպավորությամբ, ինչքան ես հասկացա՝ Հայրենիքի փրկության շարժման, Դիմադրության շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև՝ նույն քանակով, ամենայն հարգանքով իրենց սահմանադրական իրավունքը իրագործող բոլոր քաղաքացիների նկատմամբ, հավաքված է, շատ լավ: Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ թե չորրորդ շարժումն են անում, իրենց սահմանադրական իրավունքն է մեծ հաշվով»»,- ասել է Ալեքսանյանը։

ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։

Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները երթով Երևան են հասել մայիսի 9-ին: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։