Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հույս է հայտնել։ Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում՝ կապված ընտրություններում իր հաղթանակի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հուսով եմ, որ ընտրություններում ձեր հաջողությունից հետո, որպես հաղթական առաջնորդ, Հայաստանի հետ քննարկումները, որոնց վրա դուք մեծ աշխատանք եք կատարել, կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասված է Էրդողանի նամակում։ Նա նաև Ալիևի վերընտրվելը «մեծ ձեռքբերում» է անվանել «այն խաղաղության և կայունության հաստատման առումով, որի կարիքը տարածաշրջանում երկար տարիներ զգացվել է»։ Տեղական լրատվամիջոցների հաղորդած ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններում հաղթում է Ալիևը՝ ստանալով ձայների 92,4%-ից մինչև 93,9%-ը։ Ավելի ուշ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ձայների 54,4 տոկոսի մշակման արդյունքներով Ալիևը հավաքել է 92,1 տոկոս ձայն։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս։ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են նաև Ուզբեկստանի և Բելառուսի նախագահներ Շավքաթ Միրզիոևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանում ընտրություններից հետո Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
1 минута
8 февраля