Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ապօրինի զենքի ձեռք բերման գործի շրջանակներում հարցաքննությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել, տեղեկանում ենք «Ժողովուրդ» օրաթերթից:
«Բալասանյանն ԱԱԾ-ում ցուցմունք է տվել և այնպիսի բաներ է հայտնել, որ, ըստ էության, նախաքննական մարմինն այս գործով անցնող անձանց դեմ որևէ բան չի գտել»,- գրել է թերթը:
Նշենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Ըստ հրապարակման՝ Վիտալի Բալասանյանի և նրա որդու դեմ հարուցված քրեական գործն արդեն կարճվել է: Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային:
Պաշտպանը պնդել է, որ 300-ից ավելի միլիոնի ծրագիր է իրականացրել Բալասանյանի որդին։ Արցախի տարածքում այդ գումարով նոր մեղվաընտանիքներ են ձևավորվել և վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն էր համարել: